ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում երկու անգամ որպես վկա հարցաքննվել է քաղաքացի Արթուր Կ.-ն: Առաջին հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի և Աշոտի վիճաբանությանը, որի ժամանակ իմացել է, որ Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործի դատաքննության փուլում, երբ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ նախաքննական մարմնին նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել:
Դատավորի առաջարկով Արթուր Կ.-ն ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-որ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունում Արթուր Կ.-ի անունից կատարված ձեռագիր գրառումները, ինչպես նաև ստորագրությունները կատարվել են միմիայն իր՝ Արթուր Կ.-ի կողմից:
Փորձաքննության եզրակացության շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իր ցուցմունքն, իբր, կեղծ լինելու վերաբերյալ հաղորդում է տվել՝ մտածելով, որ այդ կերպ կարող է օգտակար լինել ընկերոջը: Արթուր Կ.-ն նախաքննության ընթացքում խոստովանել է, որ քրեական գործը քննող քննիչի մոտ հարցաքննության է գնացել երկու անգամ, և երկու անգամ էլ ինքն անձամբ է գրել ու ստորագրել ցուցմունքի տակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված նոր քրեական գործով Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ՀԿԳ ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել:
Նախաքննությունը շարունակվում է: