ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայազգի «օրենքով գող» Կամո Սաֆարյանին, որն ավելի հայտնի է Կամո Գորկովսկի մականունով: Խուզարկության արդյունքում նրա մոտից 23.8 գրամ քաշով թմրանյութ է հայտնաբերվել: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Վրաստանում ծնված, բազմիցս դատապարտված 51-ամյա Կամո Սաֆարյանը համակարգել է Մերձմոսկովյան մարզի թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների գործունեությունը:

ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ  ակադեմիայում այս տարի նկատվել է դիմորդների մեծ հոսք, որի հիմնական մասը եղել է հանրային կառավարում ֆակուլտետում: Լոքյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է դիմորդների հոսքը իրավաբանական ֆակուլտետ, փոխարենը շատ ավելի նախընտրելի են քաղաքագիտություն եւ հանրային կառավարում ֆակուլտետները: Ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ` 32 անվճար տեղի համար պայքարել է 180 դիմորդ, իսկ վճարովի մեկ տեղի համար՝ 3 դիմորդ:

ԿՆՈՋ ՄԵՂՔՈՎ

Հուլիսի 27-ին Արագած գյուղի Կոմիտասի թիվ 13 տան բնակիչ 46-ամյա Վարդան Մարատի Պետրոսյանը տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում ինքնասպանություն է  գործել` առաստաղի երկաթյա ամրանից հակի թելով կախվելու միջոցով: Ռեստորանային երաժիշտ Պետրոսյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա: Ինքնասպանության վայրում հայտնաբերվել է նամակ, որտեղ նա իր մահվան համար մեղադրել է իր կնոջը, ում հետ ապրել է 30 տարի:

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
2012թ. օգոստոսի 3-ից գործարկվելու են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ խաչմերուկներում. Արցախի պողոտա-Գ. Նժդեհի փողոց, Գայի պողոտա-Քոչարյան փողոց, Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց, Վաղարշյան փողոց-Խաչատրյան փողոց, Մարգարյան փողոց-Հալաբյան փողոց:

ԾՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Հուլիսի 30-ին «Արմավիա» ավիաընկերության չվերթերը խախտվել են մի թռչունի պատճառով, որը մտել է «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռի տուրբինի մեջ եւ լուրջ վնաս հասցրել: Նշված ինքնաթիռի շարժիչի վերանորոգման պատճառով մյուս չվերթերի հաջորդականությունը խախտվել է:

ՀԻՎԱՆԴ Է
Այսօր լրանում է ժամկետային զինծառայող, այժմ կալանավոր Սուրեն Կիրակոսյանի հայտարարած անժամկետ հացադուլի 8-րդ օրը: Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար նրա դատական նիստը: Սակայն այն նորից հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով: «Նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ նա զանգեց եւ զգուշացրեց, որ արձակուրդի մեջ է ու չի կարող գալ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Սուրենի մայրը` տիկին Զվարթը: Նա երեկ գնացել էր ՀՀ արդարադատության նախարարություն եւ նախարար Հրայր Թովմասյանից պահանջել, որպեսզի Սուրենին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Մոտեցա նախարարին, բայց ասաց, որ շտապում է եւ չի կարող ինձ ընդունել: Իսկ որդիս դեռ շարունակում է վատառողջ մնալ: Նիհարած էր: Լեղապարկի եւ ստամոքսի խնդիրներ ունի»,-լացակումած հայտնեց մայրը: Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը 2009-ի հունիսի 3-ին վատառողջ վիճակով զորակոչվել էր բանակ, եւ ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը: Նա մեղադրվում է դասալքության մեջ:
Հաջորդ դատական նիստը կայանալու է օգոստոսի 6-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս