ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՍՊԱՍԵԼՈՒ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը 2009-ի հոկտեմբերին է զորակոչվել հայոց բանակ եւ մահացել 2010-ի մարտին: Մոր համոզմամբ՝ որդին մահացել է բժշկի անփութության պատճառով, դրա համար էլ պահանջում է քրեական գործ հարուցել եւ պատժել իրական մեղավորներին:
Մինչ բանակ զորակոչվելը Անդրանիկը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետեւ երեք տարի՝ Նիժնի Նովգորոդում գտնվող ռազմական ակադեմիայում: Սակայն այնտեղ սովորելուց հետո որոշել է փոխել մասնագիտությունը, դրա համար էլ վերադարձել է հայրենիք: Ծրագրել է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բայց չի ստացվել: Ծառայության է անցել Կուբաթլիի զորամասերից մեկում: Անդրանիկի հետ միասին նույն զորամասում ծառայել է նաեւ իր մյուս եղբայրը` Արայիկը: 2010թ. փետրվարի 28-ի առավոտյան Անդրանիկը 5 կմ կրոսավազք է արել, որից հետո ցավեր է ունեցել եւ իրեն շատ վատ զգացել: Եղբոր` Արայիկի պատմելով՝ Անդրանիկը ցավերը զգացել է որովայնի եւ հաստ աղիքի շրջանում. «Ձեռքով այդ կողմերն էր ցույց տալիս»:
Զինվորները, տեսնելով, որ Անդրանիկը իրեն շատ վատ է զգում, նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ Արայիկը բժիշկ Աղաս Ավայանից խնդրել է ցավազրկող ներարկել: Վերջինս էլ, մտածելով, որ զինվորի մոտ ստամոքսի խանգարում է, անալգին-դիմեդրոլ է ներարկել: «Սրտխառնոց ուներ: Իսկ բժիշկն Անդրանիկին ցավազրկելուց հետո ոչ մի անգամ ճնշումը չի չափել, ուշադրություն չի դարձրել: Առավոտյան եղբայրը, նկատելով, որ ճնշումը գնալով ավելի է իջնում, կանչել է բժշկին: Նրանք միասին փորձել են մեքենայով տեղափոխել հիվանդանոց»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Անդրանիկի մայրը` տիկին Աննան՝ դառնորեն արձանագրելով, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` Խնձորեսկում, Անդրանիկը մահացել է:  
Հիմա զինվորի ընտանիքի անդամները պահանջում են քրեական գործ հարուցել եւ պատժել իրական մեղավորին: Հատկապես մայրը որդու մահվան համար մեղադրում է բժշկին. «Ախր բժիշկն էլ իր ցուցմունքում գրել է, որ ինքը այդ ժամանակ սխալ եզրակացություն է արել:  Բայց էրեխուս մոտ ստամոքսի պրոբլեմ չի եղել: Իմ տղան անցել է բոլոր բժշկական զննությունները ու լրիվ առողջ էր: Նրա բջիջներից, մազերի դասավորությունից ես գիտեմ ամեն ինչը: Նա ոչ մի տեսակի հիվանդություն էլ չի ունեցել»:
 Մայրը մեզ հետ զրույցում հպարտությամբ նշեց, որ իր որդին օրինակելի զինվոր է եղել. «Կարգապահ էր: Այդ 4 ամսվա մեջ հասցրեց բազմաթիվ շնորհակալագրեր ստանալ»:
Տիկին Աննան այս հարցի լուծման համար դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, զինդատախազին, Ազգային Ժողով, սակայն ոչ ոքից էլ դրական պատասխան չի ստացել: «Ես մինիմումն եմ պահանջում, որ մեղավորը պատժվի: Բա դու չպատժվե՞ս, գոնե մի քանի տարի, բայց իմ տղան, ախր…»,-լացը հազիվ զսպելով՝ հարցադրեց մայրը: Նա իր որդու հետ վերջին անգամ խոսել է 2010-ի փետրվարի 28-ին: «Զանգել եմ ու ԽՍՀՄ տարիների զինվորականների տոնն եմ շնորհավորել: Ամեն օր լսել եմ Անդրանիկիս ձայնը»,-դողդոջուն ձայնով ասաց նա` տեղեկացնելով, որ մյուս որդուն` Արայիկին, դեպքից հետո ծառայությունից ազատել են: Մայրը հիմա շատ է ափսոսում, որ ժամանակին որդուն չի ազատել ծառայությունից. «Կարող էի, բայց չարեցի, որովհետեւ իմ տղան պնդում էր, որ պետք է դառնա կրթված սպա»:
Դեպքից հետո տիկին Աննան բժշկին չի տեսել եւ չի էլ ցանկանում: Նրա համոզմամբ, եթե բժշկի անփութությունը չլիներ, ապա հիմա իր որդին կենդանի կլիներ: «Ամբողջ կյանքում կսպասեմ»,-արցունքն աչքերին՝ հառաչեց որդեկորույս մայրը:
ՀՀ ՊՆ քնչական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Անդրանիկ Սարգսյանը մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, որը պայմանավորված է թույլ արտահայտված աթերոսկլերոզով, առավելապես սրտի պսակաձեւ անոթների ախտահարումով, կորոնարոսկլերոզ, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, շճային միոկարդիտով: Այսինքն՝ նա կենդանության օրոք տառապել է այս հիվանդություններով, որոնք էլ բերել են երիտասարդի մահվան: Հետո նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն, որը հաստատել է նախկին դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Պարզաբանվել է նաեւ, որ Սարգսյանի դեպքում այս հիվանդություններն առաջացել են մահից մոտ 5-6 ամիս եւ ավելի ժամանակ առաջ: Այսինքն՝ ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հիվանդ զինվորը զորակոչվել է բանակ ու այնտեղ կնքել իր մահկանացուն: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա ինչո՞վ է զբաղված ՊՆ բուժվարչությունը:
Ի դեպ, 22.06.2010-ին զինվորի մահվան առիթով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս