Հայաստանի ԱԻՆ-ը եզակի ավտոկռունկ է ձեռքբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 14-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, ինչպես նաեւ ՀԱՊԿ Փոխգործակցություն 2012վարժանքի նախապատրաստական աշխատանքների մասին։ ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ վերջերս փրկարարական աշխատանքների համար ձեռք է բերվել նոր` 120 տոննա բեռնունակության ավտոկռունկ, որը եզակի է տարածաշրջանում։
ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզի բնակիչների անհանգստության մասին։ Տիկին Թովմասյանը հայտնեց, որ ՍՊԱԾ “Հարավային” ՊՈԱԿ-ի աշխատակիցները ելույթ են ունեցել տեղական հեռուստաընկերությունների եթերով եւ բազմիցս զրուցել բնակիչների հետ` տանելով բացատրական աշխատանքներ։ ԱԻ նախարարը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել հանրային իրազեկման խնդիրները եւ հնարավորինս կանխել խուճապը։ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ աշխատանքային խումբը շարունակում է ստուգաթերթերի մշակման աշխատանքները` պարզեցնելով օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործընթացը։ Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց անել ամեն հնարավորը` կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։ Շուտով պատրաստ կլինի ԱԻՆ պոլիկլինիկան, որը սպասարկելու է նախարարության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այնտեղ կլինեն տարբեր պրոֆիլի բժիշկներ, անհրաժեշտության դեպքում` մասնագետներ կհրավիրվեն նաեւ դրսից։




Լրահոս