ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՉԵՆ ՀՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը: Ադրբեջանական կողմից կրկին տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղերի ուղղությամբ:   
Տավուշի մարզը գտնվում է ՀՀ տարածքի հյուսիսարեւելյան հատվածում: Մարզն ունի մոտ 400 կմ միջպետական սահման, որից 350 կմ-ն՝ Ադրբեջանի հետ: Ազգամիջյան հակամարտությունների ընթացքում մարզը բազմիցս ենթարկվել է հրակոծությունների, որոնք ոչ միայն մարդկային, այլեւ տնտեսական մեծ կորուստների պատճառ են դարձել: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքում ազերիներն ավելի ագրեսիվ են դառնում: Խաղաղ պայմաններում՝ վարուցանքի ժամանակ, սպանվում են մարդիկ, այրվում են խոտի, հացահատիկի հարյուրավոր հեկտարներով դաշտավայրեր:
Օգոստոսի 21-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը: Վնասվել են բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների տանիքները, պատերը, ապակիները ջարդվել են, իսկ մարդիկ խուճապի մեջ են ընկել: Կրակոցներից անջատվել են գյուղի էլեկտրամատակարարումն  ու գազամատակարարումը:
«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Այգեպարի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նշեց, որ արդեն հոգնել են լարված, կիսապատերազմական վիճակներից, կառավարության անտարբերությունից, ԵԱՀԿ հանձնախմբի կեղծ խոստումներից. «Գյուղն Ադրբեջանից ունի 500 մ օդային հեռավորություն: Թուրքի համար տեսանելի է մեր յուրաքանչյուր շարժումը: Մոտ 30 մլն-ի վնաս են հասցրել: Մի քանի օր առաջ ազերիները զենքի նոր տեսակ էին փորձարկում մեզ վրա: Զենքը գնդակոծում է առանց ձայնի»:
Գյուղապետը նշում է, որ մոտ 3 ժամ տեւած գնդակոծության հետեւանքով վնասվել են   բազմաբնակարան 4 շենքի տանիքները, իսկ 70 առանձնատներ էլ մասնակի վնասվել են. «Մեղք է էս ժողովուրդը: Քարից հազիվ հաց են քամում, տանիքները ո՞նց նորոգեն: Պետությունն էլ ոչ մի ուշադրություն չի դարձնում: Ադրբեջանցիների տները մի քանի տարի առաջ հողին կպած ցածր տներ էին, հիմա երկհարկանի շքեղ տներ են կառուցել: Հասկանալի է, որ Ադրբեջանն իր սահմանամերձ գյուղերին շատ է ուշադրություն դարձնում»:
Ըստ համայնքապետի՝ այգեպարցիները չեն վստահում ո՛չ դիտորդներին, ո՛չ էլ կառավարությանը, քանի որ նրանց խոսքը գործ չի դառնում: «Մեկ ամիս առաջ ԵԱՀԿ դիտորդական խումբը եկավ համայնք, հանդիպեց ժողովրդի հետ ու խոստացավ, որ թուրքերի կողմից հրադադարի ռեժիմը էլ չի խախտվելու: Դեռ ոտները գեղից չէին քաշել, սկսվեց դիվերսիան, զինվորներ ու խաղաղ մարդիկ մահացան: Գալիս, փուչ խոստումներ են տալիս, մարդկանց մեջ հավատը կոտրում, գնում: Բա էս սահմանի ռխին ապրող ժողովուրդը մե՞ղք չի, բա կարելի՞ է էդպես վարվել: Չգիտենք՝ ում հավատանք, ում վրա հույս դնենք»,-անորոշ հանդիմանությամբ ասում է  Այդինյանը:
Վերջինս նաեւ մտահոգված է, որ նման լարված վիճակում, երբ համայնքը դառնում է հրդեհավտանգ, իրենք չեն կարողանում կրակը մարել: Ասում է, որ հրշեջ հրամկազմի կանչը դառնում է վտանգավոր, քանի որ հաճախ գնդակոծվում են նաեւ օգնության շտապող մեքենաները:  Գյուղապետի խոսքերով՝ կրակմարիչներ ձեռք բերելու նպատակով բազմիցս դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն այնտեղից մերժել են` վկայակոչելով ֆինանսական սղությունը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԻ նախարար Արմեն  Երիցյանի հետ, որը խնդրեց ավելի ուշ զանգահարել: «Ես Ձեզանից տեղեկացա, որ նման խնդիր կա այդ գյուղում, եւ արդեն հանձնարարել եմ, որ հարցով զբաղվեն ու խնդրին անպայման լուծում տան: Վստա՛հ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի գյուղն այդ առումով պաշտպանված լինի»,-խոստացավ  նախարարը:
Խոսեցինք նաեւ համայնքի բնակիչների հետ, որոնք վախեցած ու հուսահատված էին: «Կենսաթոշակառու գնդապետ եմ, ապրում է գնդակոծված շենքի 5-րդ հարկում: Ասացե՛ք խնդրեմ, որ էս պետությունը մեզ հաշվի չի առնում, չի օգնում, բա ես թոշակով կրիշս ո՞նց սարքեմ,-ասում է Յուրա Ապերյանը,-կինս էս կրակոցներից շաքար ա ստացել: Հարեւաններով միջանցքում ենք լուսացրել: Էրեխեքը վախից լացում էին, սաղ գիշեր չենք կարեցել լռեցնել: Մի բան էլ կա, բալա՛ ջան, ասում են՝ մեր զինվորական մեծերը չեն թողում թուրքերին կրակոցով պատասխանել: Անպայման պիտի զո՞հ տանք, որ վերեւներում խառնվեն»:
Գյուղապետի վկայությամբ՝ կառավարությունից ոչ ոք գյուղ չի այցելել: Անգամ մարզպետ Արմեն Ղուլարյանը  չի  բարեհաճել այցելել կամ գոնե անձամբ զանգել Այգեպար: Դե հիմա ի՞նչ Այգեպարի ժամանակն է, չէ՞ որ զբաղված է ՏԻՄ ընտրություններով ու արդյունքների համար իշխանություններին հաշվետվություն պիտի տա:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս