ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ
«Կոլումբիայում սպանվել է թմրավաճառ Գրիզելդա Բլանկոն, որը հայտնի է «կոկաինի թագուհի» մականունով: Երբ նա դուրս է եկել մսի խանութից, անհայտ անձինք գնդակահարել են Բլանկոյին»,-գրում է BBC News-ը: Գ. Բլանկոն սկսել է Կոլումբիայից ԱՄՆ թմրանյութի տեղափոխմամբ զբաղվել 1970-ական թթ. դառնալով մեծ քանակով թմրանյութ տեղափոխողներից առաջինը: 1985թ. Բլանկոն ամերիկյան իշխանությունների կողմից երկարատեւ ազատազրկման էր դատապարտվել: 2004թ. ազատ արձակվելով՝ արտաքսվել էր Կոլումբիա: Նա խզել էր բոլոր հարաբերությունները հանցագործ աշխարհի հետ:
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԱԿԸ
Մարոկկոյի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուղեւորատար ավտոբուսի խոշոր վթար: Այն ընկել է ձորակը եւ շրջվել, ավելի քան 42 մարդ է զոհվել, եւս 24-ը՝ տուժել: Վթարը տեղի է ունեցել Էլ-Հաուզ նահանգի Զագորա-Մարակեշ մայրուղու վրա: ՄԱՊ տեղական լրատվական գործակալության տվյալներով՝ վիրավորներից 4-ը ծանր վիճակում են:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
ԱՄՆ-ում հարեւանն իննամյա աղջկա աչքի առաջ սպանել է նրա տատիկին, մորն ու 14-ամյա եղբորը: Տեսնելով հատակին ընկած արնաշաղախ տատին՝ երեխան վազել է հարեւանի տուն ու զանգահարել 911: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, որը նույնիսկ չի փորձել փախչել դեպքի վայրից: Կատարած սպանություններից հետո տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ դանակի մի քանի հարված հասցնելով իրեն, բայց նրան կարողացել են արագ հիվանդանոց հասցնել: Դեպքի մանրամասները պարզվում են:
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ
Ծագումով Ռումինիայից ֆրանսաբնակ ինժեներ Ջորջ Չիրիտան ստեղծել է թագավորներին վայել համակարգիչներ: Նա համակարգիչները պատում է ոսկով ու մարմարով, զարդարում թանկարժեք քարերով: Համակարգիչների գները սկսվում են 21 հազար դոլարից, դրանք զինված են բարձրագույն տեխնոլոգիաներով: Նրա ընկերությունն արտադրում է համակարգիչներ 3 տարբեր՝ Լյուդովիկոս XV-ի, Լյուդովիկոս XVI-ի եւ կայսերական ոճերով: Ինժեների խոսքով՝ համակարգիչների գինը բարձրացնում են ոչ միայն թանկարժեք նյութերը, այլեւ դրանց վրա նկարիչների աշխատանքը:
80-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, որի հետեւանքով վնասվածք է ստացել 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Պատահարը տեղի է ունեցել Վուպերտալ քաղաքում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 80-ամյա կինն անհայտ պատճառներով կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: