Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկում, որին ներկա են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնյաներ:
Քննարկումից հետո մասնակիցները ներկա գտնվեցին նիստերի դահլիճի կից սրահում տեղակայված ցուցադրությանը: Այնտեղ հիմնականում ներկայացված են սովետական միության ճանաչված գեղանկարիչների կտավներ: Այսօր, Հայրենական պատերազմի 70-ամյակին ընդառաջ, կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ հարյուր նկարներից ներկայացված է 16-17-ը:
Հատկանշական է, որ ցուցադրության ժամանակ Սերգեյ Նարիշկինին հետաքրքրել էր հատկապես մի կտավ, որին նա առանձնահատուկ վերաբերմունք դրսևորեց: Լրագրողներն Արմեն Գևորգյանից հետաքրքրվեցին, թե որն էր այդ առանձնահատուկ վերաբերմունքի պատճառը: «Նկարում պատկերված է Սանկտ-Պետերբուրգը` այն ժամանակվա Լենինգրադ քաղաքը, որտեղ նա ծնվել, մեծացել է: Այս նկարն իրեն հիշեցրեց հենց Լենինգրադ քաղաքը, և նրա տպավորությունն ու հիշողությունը հասկանալի էր», – նշեց նա: