Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը երեկ պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ իրենց երկիրը մտադիր է ընդլայնել Հայաստանի տնտեսությունում իրենց երկրի ներգրավվածության չափը: «ԱՄՆ-ն Հայաստանի առեւտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ժամանակ: «ժողովուրդ»-ը մի քանի անգամ արդեն անդրադարձել է այն խնդրին, որ ԱՄՆ-ն որոշել է փոխել Հայաստանում իր մարտավարությունը: Նախկինում այդ երկիրը Հայաստանի գումարները տալիս էր որպես օգնություն կամ դրամաշնորհ եւ այդ կերպ էր փորձում իր ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդել: Իսկ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումից հետո պարզ դարձավ, որ հարյուրավոր միլիոններ ծախսելու արդյունքում ԱՄՆ ոչ մի գործնական լծակ ձեռք չի բերել: Իսկ Ռուսաստանը Հայաստանից հարյուրավոր միլիոն դոլարներ տանելու հետ մեկտեղ տիրապետում է ՀՀ տնտեսության մի պատկառելի մասին: Արդյունքում, ԱՄՆ-ում որոշել են, որ այսուհետ ՀՀ Կառավարությանը ոչ թե հենց այնպես գումարներ են տալու այս կամ այն գեղեցիկ վերնագրով անարդյունավետ ծրագիրն իրագործելու համար, այլ իրենք ուղղակի ներդրումներ են կատարելու: Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերը բերված հայտարարությունը, կարելի է ասել, որ այդ նոր մարտավարության պաշտոնական ազդարարումն է: Ի դեպ, ԱՄՆ-ի նոր մոտեցման առաջին ծիծեռնակը «Որոտանի ՀԷԿ»-ը ամերիկյան ընկերության կողմից ձեռք բերելու հայտնի գործարքն էր:
ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն երեկվանից Աբովյանում սկսել էին շրջանառել եւս մեկ` Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկի անունը: Խոսքը նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանի մասին է: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է եւ նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ինքն իր թեկնածությունն առաջադրելու է ու վստահ է, որ հաղթելու է: Ի դեպ, Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ: Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը, որը առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ անունով, 2003-ին ԱԺ պատգամավոր դարձավ որպես ՕԵԿ-ական: 2006-ի մայիսին, երբ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ընդդիմադիր հայտարարեց, Համբարձումյանը ՕԵԿ-ից դուրս եկավ: 2012-ին նա ԱԺ պատգամավոր դարձավ թիվ 29 ընտրատարածքից եւ այժմ ՀՀԿ խմբակցության անդամ է: Ուշագրավն այն է, որ ինքը՝ պատգամավորը, նման դատական վեճի հնարավորությունը կտրականապես բացառում է: Երբ «Ժողովուրդ»-ը խնդրեց նրան մեկնաբանել դատական գործընթացը, նա ասաց. «Չի կարող նման բան լինել, գազի փողը չի տվե՞լ, դիմել է դատարա՞ն: Տեղեկատվությունդ սխալ է, քուչի խոսակցություն է»: Բայց մենք փաստաթղթեր ունենք:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Սյունիքի մարզի Խդրանց համայնքում, որտեղ այժմ մոտ երկու տասնյակ մարդ է ապրում, այն էլ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, պետական կառույցների անփույթ եւ թերի գործելու արդյունքում վերջերս 5 խոշոր եղջերավոր անասուն է անկել: Խդրանցում գյուղացիները կարծում են, որ իրենց անասուններն անկել են պաստերելյոզ հիվանդությունից: Տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարությունն ամեն տարի հսկայական գումարներ է ծախսում պատվաստանյութերի վրա, որպեսզի հանրապետության բոլոր անասուններն անվճար պատվաստվեն: Բայց այս դեպքը բացահայտում է այն անտերությունը, որը տիրում է այս ոլորտում: Իսկ այն, որ գինետուն գնացած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասածները մեկը մյուսին հակասում են, ընդամենը ինքնապաշտպանական բնազդի դրսեւորում կարելի է համարել: Ավելի լավ կլինի, եթե Սերգո Կարապետյանն ամբողջությամբ գիտակցի իր պատասխանատվությունն ու ելքեր գտնի՝ հացի աղբյուրը կորցրած գյուղացիներին օգնելու համար:
ՈՉ ՄԻ ՍԿԶԲՈՒՆՔ
Հատկապես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված աննախադեպ հաշվեհարդարից հետո նրա փեսայի` Կարապետ Գուլոյանի երեկվա նշանակումը շատերի համար անսպասելի էր: Փետրվարի 12-ի իր ելույթում Ծառուկյանի հասցեին «օդում կախված» տարբեր մեղադրանքներ հնչեցնելով` Սերժ Սարգսյանը հետագայում ոչ միայն այդ ամենը թողեց «օդում կախված», այլեւ, փաստորեն, կարճ ժամանակ անց որոշեց շահել Ծառուկյանի սիրտը` նրա փեսայի կառավարմանը հանձնելով Կոտայքի մարզը: Թեպետ «սիրտ շահելը» խիստ հարաբերական է: Բանն այն է, որ Կ. Գուլոյանին Աբովյանի քաղաքապետի ընտրովի պաշտոնի փոխարեն տալով մարզպետի նշանակովի պաշտոնը՝ Սարգսյանը մի կողմից թվում է` Ծառուկյանին հաշտության ժեստ է անում, մյուս կողմից, սակայն, նրա ազդեցությունը փոքրացնում է Աբովյանում, իսկ հարկ եղած դեպքում Գուլոյանին մարզպետի պաշտոնից զրկելն էլ գրչի մեկ հարվածի խնդիր է:
Առհասարակ, Ս. Սարգսյանն արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, որ չունի ո՛չ քաղաքական, ո՛չ մարդկային սահմանափակումներ` այս կամ այն սկզբունքի վրա անհրաժեշտ պահին թքելու համար, եթե անգամ այդ թքի զգալի մասը հանրային դժգոհության քամին հետ է բերում իր երեսին: Իր կատարած բոլոր նշանակումներում նա մշտապես առաջնորդվում է այդ պահին իր իշխանության ամրապնդմանը եւ անձնական բիզնես շահերի սպասարկմանն ուղղված ընտրությամբ: Հենց այդպիսի դրդապատճառներով էլ նա, ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ պաշտոնանկ արեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրա փոխարեն նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Անցել է մեկ տարի, եւ հիմա արդեն առավել քան տեսանելի է, որ ներկայիս Կառավարությունը նախորդից, մեղմ ասած, լավը չէ: Թեեւ բոլորի համար էլ ակնհայտ էր, որ Աբրահամյանին Կառավարություն չեն բերել լավ աշխատելու համար, հակառակ դեպքում Ս. Սարգսյանը դրանից դեռ կես տարի առաջ պաշտոնանկ կաներ այդպես էլ 7.2 տոկոս տնտեսական աճ չապահոված Տ. Սարգսյանին, ինչի խոստումը տվել էր հրապարակավ:
Ինչ վերաբերում է Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանին հիմա էլ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակելուն, ապա դա եւս մեկ ցցուն օրինակ է, թե երկրի կարեւորագույն պաշտոններն ինչ սկզբունքով է Ս. Սարգսյանը բաշխում: Քանի որ իրենից որեւէ քաղաքական արժեք չներկայացնող Արամ Հարությունյանը չէր կարող նշանակվել՝ քաղաքական հաշվարկից ելնելով, միեւնույն ժամանակ նրա մասնագիտական կարողությունների միջակ մակարդակը վաղուց արդեն դրսեւորվել է` քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարների պաշտոններում, ապա հարց է առաջանում, թե Հարությունյանի այդ որ արժանիքի համար է Ս. Սարգսյանը նրան հերթական պաշտոնը տվել: Թեեւ այս հարցի պատասխանը, կարծում ենք, հայտնի է բոլորին եւ այս դեպքում գտնվում է ոչ թե «որ»-ի, այլ «որքան»-ի տիրույթում: