Պարո՛ն Օբամա, Հայոց ցեղասպանության հարցում մտադրությունը գրոշի արժեք չունի, անհրաժեշտ է գործել. The Jerusalem Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որը պաշտոնապես խոստացել է ճանաչել, սակայն իր խոստումը չի պահել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Այսպես է սկսել The Jerusalem Post իսրայելական հրատարակչությունը Հայոց ցեղասպանության մասին իր ծավալուն հոդվածը: Հոդվածի կրճատված տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն 6 տարի է իր խոստումը խախտող Օբաման վարվում է այդպես, որպեսզի չնեղացնի ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից մեկին` Թուրքիային: Նախագահ Օբաման չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը թուրքական բռնապետին սադրելու վախից:

Այնուհետև հոդվածի հեղինակը մեջբերում է Բարաք Օբամայի 2008 թ խոստումը.

«Փաստերն անհերքելի են: Իշխանությունների քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին չընդունել պատմական փաստերը, պարզապես անհերքելի են։ Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- հրատարակչությունը մեջբերում է այդ ժամանակ դեռևս սենատոր Բարաք Օբամայի խոստումը :

Հոդվածի հեղինակ Շմուլի Բոտիչը նկատում է, որ այդ «պատմական» խոստումից անցել է 6 տարի, և նախագահը կարծես չի էլ գիտակցում, որ դրժել է այն:

«Ընդհակառակը նա տարբեր առիթներով նշում է, որ իր վերաբերմունքը պատմական փաստի վերաբերյալ ամենևին չի փոխվել: Սակայն պատմական փաստերի փոխարեն նա պետք է իր նախագահական ուղերձում արտաբերի «ցեղասպանություն» բառը, որից նա անընդհատ խուսափում է:
Ապրիլքսանչորսյան իր ուղերձներում Օբաման օգտագործում է «սպանդ», «եղեռն» բառերը` չօգտագործելով 1.5 միլիոն հայերի հետ պատահած դժբախտությունը բնորոշող իրական եզրույթը` ցեղասպանությունը»,- շարունակում է Շմուլին:

Հեղինակը հիշեցնում է Օբամայի նաև այն խոսքերը, ըստ որոնց՝ «ինքը մտադիր է ԱՄՆ-ի համար լինել այն նախագահը, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին ու պատասխան կտա բոլոր ցեղասպանությունների համար»:

«Պարո՛ն նախագահ, մտադրությունը գրոշի արժեք չունի, անհրաժեշտ է գործել: Պահեք ձեր խոստումը, քանզի 1,5 միլիոն հայերը սպասում են»,- այս կոչով էլ հոդվածն ավարտում է Շմուլի Բոտիչը:




Լրահոս