Սիրիայում ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական բանդան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության համար: Այս  մասին ԵԽԽՎ լիագումար նիստում  հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Նրա ամբողջական ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն որերորդ նստաշրջանն է մենք քննարկում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անմարդկային գործողությունների հետևանքները։ Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային անվտանգության համար։ Մեր գործընկեր Ժան Մարի Բոկելն անդրադարձել է այդ ահաբեկչական խմբի վայրագության հետևանքներից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը բավականին բարդ ու զգայուն հարց է։ Պարոն Բոկելն անդրադարձել է հիմնականում սիրիական պրոբլեմին, քանզի մեր նախորդ նիստերում մենք բազմիցս անդրադարձել ենք Հյուսիսային Իրաքում տեռորիստական այդ բանդայի գործողություններին։ Այո, ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական պատերազմի 4 տարիներին ռազմական գործողություններին զոհ է դարձել 215 հազար մարդ, որից 11 հազարը՝ երեխաներ։ 2011թ-ի մարտի հակամարտությունից ի վեր՝ Սիրիայում շուրջ 6.8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տանիքը։ Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայի փախստականների հետ՝ «հումանիտար աղետ» բնորոշելը խիստ մեղմ ձևակերպում է։ Սիրիական հակամարտության արդյունքում բազմաթիվ երեխաների բաժանել են իրենց ընտանիքներից։ Մոտ 2 միլիոն երեխա աջակցության կարիք ունի Սիրիայում, և ավելի քան կես միլիոն երեխա աջակցության կարիք ունի հարևան երկրներում, որտեղ նրանք ապրում եմ հատուկ ճամբարներում: Երեխաների տառապանքն անմարդկային գին է, որը նրանք վճարում են այս հակամարտության պատճառով։

Հարգելի գործընկերներ, Սիրիայում իմ երկիր ունի ամենակայուն և ազդեցիկ համայնքներից մեկը, որը ևս մեծապես տուժեց սիրիական հակամարտության արդյունքում։ Սիրիահայերը, ինչպես և երկրի մյուս բոլոր բնակիչները, իրենց վրա զգում են սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի հետևանքներն ու զրկանքները: Անցած տարի անմարդկային հարձակման թիրախ դարձան Քեսաբի հայերը, իսկ սեպտեմբերին ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Հաշվի առնելով «Իսլամական պետության» զինյալների հաշվեհարդարները քրիստոնյաների հանդեպ` ակնհայտ է, որ իմ հայրենակիցներին վտանգ է սպառնում նաև իրենց ազգության և կրոնի պատճառով: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից և, բնականաբար, պատրաստ է շարունակել ընդունելու մեր հայրենակիցներին։

Մինչդեռ, Սիրիայի քաղաքացիական պատերազմով սկիզբ առած քաոսի վերջը չի երևում։

«Վերաբնակեցումը՝ որպես համերաշխության գործիք» վերտառությամբ իր այս զեկույցում մեր գործընկերը կոնկրետ քայլեր է առաջարկում սիրիացի փախստականների խնդիրները համակարգելու ու լուծումներ տալու համար։ Բայց քանի դեռ արմատախիլ չի արված հիմնական չարիքը, հետևանքների դեմ պայքարն ամեն օր ու ամեն ժամ անասելի ջանքեր է պահանջելու»։




Լրահոս