“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:
Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարեւորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին՝ Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով՝ սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում:
Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է. “Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով և ելույթներով”:
ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա և կայացվի օբյեկտիվ որոշում:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաև Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգևոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան