Հոկտեմբերի 10-ին շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով նշանակված դատական նիստը, որի ժամանակ ամբաստանյալներն ինքնաբացարկ ներկայացրին դատավոր Դավիթ Հարությունյանին՝ նշելով, թե վերջինս կողմնակալ է: Ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ դատավարությունն ավելի շատ շոու ծրագիր է: Դատարանը մերժեց այս միջնորդությունը, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը միանգամից դատարանին ներկայացրեց 20 միջնորդություն, որոնք վերաբերում էին «Հարսնաքար»-ի աշխատակիցների ծեծից սպանված Վահե Ավետյանի ստացած վնասվածքների առնչությամբ փորձաքննություն նշանակելուն եւ տուժողների հագուստներն իրեղեն ապացույց ճանաչելուն: Բացի այդ, Եգորյանը միջնորդեց կատարել նաեւ «Հարսնաքար»-ի տարածքում եղած տեսախցիկների համակարգչի պրոցեսորի հետազոտություն եւ այլն:
Ու չնայած միջնորդությունների բույլից պաշտպանական կողմը դժգոհեց՝ առաջարկելով դրանք առանձին-առանձին ներկայացնել, Տ. Եգորյանը դատարանի թույլտվությամբ շարունակեց իր միջնորդությունները ներկայացնել իր նախընտրած տարբերակով:
Հիշեցնենք, որ ռազմական բժշկի եւ նրա ընկերների հետ կապված դեպքը կատարվել էր նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում:
Հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին:
ԻԲՐ ԴԺԳՈՀ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ