ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարածել է մամուլի հաղորդագրություն` իր մտահոգությունը հայտնելով վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվող սննդամթերքի անվտանգությանն առնչվող տեղեկություններին:
«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի խուսափում քննադատությունից, դեռ ավելին՝ կարծում ենք, որ հաճախ առողջ քննադատությունը նպաստում է ավելի նպատակային գործողությունների պլանավորմանը, բայց նաև տարանջատում ենք քննադատությունն անհիմն տեղեկություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հանրության շրջանում: Մասնավորապես, վերջին նման դեպքը վերաբերում էր Թուրքիայից բրոյլեր տեսակի ճտերի ներկրմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը՝ Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:
Մինչև ներմուծման արգելքը Թուրքիայից մեր հանրապետության տարածք են ներմուծվել բրոյլեր տեսակի հավի ճտեր, ինչը սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս առիթով հայտնում ենք, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա. թեև ճտերի նշված խմբաքանակը ներկրվել է արգելքից առաջ, այդուհանդերձ ներմուծման ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր պահանջները, և սահմանային հսկողության շրջանակներում իրականացվել են փաստաթղթային ստուգում և կլինիկական զննում, որի արդյունքում չեն հայտնաբերվել հիվանդության ախտանիշներ: Թռչնագրիպի գաղտնի շրջանը տևում է 20-48 ժամ, և մինչ այսօր ծառայության մասնագետների հսկողության ներքո գտնվող հավի ճտերը չունեն հիվանդության որևէ ախտանիշ: Նշենք, որ այս խմբաքանակը 30 օր ժամկետով կլինի կարանտինային հսկողություն ներքո՝ ճտերը կպահվեն առանձին, փակ տարածքում, արգելված կլինի դրանց տեղաշարժն ու իրացումը:
Հայտնում ենք նաև, որ Թուրքիայում թռչնի գրիպի (H5N1 տիպի) դեպքեր գրանցվել են մեկ շրջանում, իսկ ներմուծված խմբաքանակը եղել է վարակի գոտուց բավականաչափ հեռու՝ անվտանգ տարածքից:
Միաժամանակ կոչ ենք անում շահագրգիռ անձանց նախքան խուճապ առաջացնող տեղեկատվության տարածումը թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալ մասնագետներից և ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնից, քանզի միայն պետություն-հասարակություն ամուր կապի և համագործակցության շնորհիվ է հնարավոր կարգավորել ոլորտում առկա խնդիները: