Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի քանի օր է, ինչ փորձում է ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով եւ սնունդով։
“Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ։ Հարկ ենք համարում նշել նաեւ, որ երեխան բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաեւ մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված եւ մաշկային հիվանդություն:
Չունենալով սոցիալական օգնություն տրամադրելու ոԲչ իրավասություններ, եւ ոԲչ էլ միջոցներ՝ երեխայի ցերեկային խնամքի ապահովման համար դիմել ենք նման խնդիրներով զբաղվող շուրջ 18 կառույցների՝ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների։ Նրանց մի մասը մերժել են երեխային ընդունել իրենց հաստատություն նրա հիվանդության պատճառով, մյուս մասը մերժումը հիմնավորել են գերծանրաբեռնվածությամբ, երրորդներն էլ պատճառաբանել են, որ իրենց հաստատությունում կան նաեւ այլ երեխաներ, ում առողջության համար փոքրիկը վտանգ կարող է ներկայացնել:
Հասկանալով, որ որոշ համաքաղաքացիների համար երեխայի ներառումը համապատասխան մանկապարտեզներում սեփական երեխաների առողջության համար կարող է վտանգավոր համարվել, այդուհանդերձ վստահ ենք, որ երեխային անօգնական թողնելը հակաիրավական է եւ անմարդկային: Այս, ինչպեսեւ բոլորիս երեխաներին, ծայրահեղ անհրաժեշտ է սնունդ, կացարան եւ խնամք։ Չնայած որոշ հասարակական կազմակերպություններ արդեն տրամադրել են որոշակի հագուստ եւ սնունդ, սակայն երեխայի ցերեկային խնամքի խնդիրը դեռ մնում է չլուծված, որի պատճառով մայրը չի կարողանում աշխատել եւ այլեւս չզբաղվել մուրացկանությամբ։
Պահանջում ենք բոլոր համապատասխան պետական կառույցների շուտափույթ միջամտությունը, ինչպես նաեւ խնդրում բոլոր բարեսեր կազմակերպություններին եւ անհատներին հնարավոր աջակցություն տրամադրել դժվարին պայմաններում հայտնված փոքրիկին: Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` 116 հեռախոսահամարով”,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: