ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքացիներին չի զարմացնում հայ քաղաքական գործիչներին կոռուպցիայի մեջ մեղադրելու հանգամանքը: Այս մասին գրում է «Transparency International» հակակոռուպցիոն հետազոտությունների կենտրոնի հայկական բաժանմունքի տնօրեն Վարուժան Հոտանյանը կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում: «Սովորաբար, այդ մեղադրանքները մեծ արդյունք չունեն: Որոշ դեպքերում մարդիկ փոխում են աշխատանքը, սակայն հազվադեպ են պատասխանատվություն կրում»,-գրում է նա: Հոտանյանը ստեղծված իրավիճակում օրինակ է բերում ՀՀ բնապահպանության նախին նախարար Վարդան Այվազյանին, որին 2012 թ. հուլիսին ԱՄՆ դատարանը մեղադրել էր 3 մլն դոլարի կաշառք պահանջելու մեջ եւ նրան պարտավորեցրել վճարել 35 մլն դոլար ամերիկյան հանքարդյունաբերական կազմակերպությանը, որը հրաժարվել էր կաշառք տալ եւ զրկվել էր լիցենզիայից: Կենտրոնի պարզաբանմամբ` քաղաքացիների գնահատականներով՝ Հայաստանում ոստիկանությունն ու դատական մարմիններն ամենակոռումպացված հաստատությունների շարքում են, եւ այդ անպատժելիությունը մեծագույն խնդիր է:

ՀԱՐՑ. Համաձա՞յն եք կենտրոնի գնահատականի հետ, ըստ որի՝ Հայաստանում ամենակոռումպացված հաստատությունները ոստիկանությունն ու դատական համակարգն են:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չեմ կիսում այդ կարծիքը: Ինչո՞ւ չեմ կիսում, քանի որ չեմ գտնում, որ ամենակոռումպացված համակարգը կարող է լինել ոստիկանությունը կամ, ասենք, դատական համակարգը: Իսկ թե իրենք ինչ հետազոտություն են արել կամ չեն արել, իրենց կարծիքն է, որը չեմ կիսում: Իմ կարծիքն էլ թողնում եմ առանց մեկնաբանությունների:

ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ոստիկանության նախկին պետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարճ ու կոնկրետ ասեմ. եթե համեմատություն անենք, ոստիկանությունն իր ողջ գործունեությամբ մի շարք այլ բնագավառների հետ համեմատած հրեշտակ է: Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, որ կոռուպցիա չկա, բայց ողջ ոստիկանությունն իր գործունեությամբ հանդերձ սուրբ է: Ես իմ կարծիքն ունեմ որպես երկարատեւ աշխատակից, ինձ այդ կառույցի կարծիքը չի հետաքրքրում: Եթե կառույցը քաղաքացիների գնահատականի հիման վրա է այդպիսի հրապարակմամբ հանդես եկել, ապա ես էլ քաղաքացիների մյուս հատվածն եմ եւ ունեմ իմ կարծիքը:

ՎՈԼՈԴՅԱ ԹՈՐՈՍՅԱՆ
Երեւանի նախկին ոստիկանապետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե այդ միջազգային կառույցն իր հրապարակած հոդվածի մեջ փաստեր ներկայացներ, թե ովքեր են այդ կաշառակեր դատավորները, ապա այդ ժամանակ ես իմ կարծիքը կարտահայտեի ստեղծված իրավիճակի շուրջ: Միայն տգետ մարդը կարող  է նման գնահատական տալ: Ինչո՞ւ եմ այդպիսի գնահատական տալիս. քանի որ երբ ասում են՝ այս կամ այն կառույցը կոռումպացված է, ուրեմն այդ ամենը պետք է լինի ավելի առարկայական: Կան փոփոխություններ այսօրվա դատական համակարգում, եւ դրական եմ գնահատում այսօրվա դատական համակարգի վիճակը: Ոստիկանության համակարգում եւս մեծ դրական տեղաշարժ կա: Իհարկե, կան թերացումներ, բայց ժամանակի ընթացքում կկարգավորվեն: Պետք է ասեմ, որ այսօր փաստաբանի կարծիքը հաշվի են առնում, եւ ամեն ինչ կարծես թե իր տեղն է ընկնում:

ԳԱԳԻԿ ԱԶԱՐՅԱՆ
փաստաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս