Հունիսի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Անդրադառնալով գազալցակայանների ստուգումներին ու վերահսկողությանը՝ նախարարը հանձնարարեց ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին ստուգումներն իրականացնել խստացված ռեժիմով, խախտումների դեպքում դիմել համապատասխան միջոցների:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց մայիսի 26-27-ը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացվող վերջին նախապատրաստական վարժանքի մասին, որն ամփոփելիս լեհ փորձագետները բարձր են գնահատել հայ փրկարարների պատրաստվածությունը:
Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ Գառնու դիտարանում արդեն իրականացվում է շուրջօրյա սեյսմիկ հերթապահություն, շաբաթվա ընթացքում արդեն կսկսի գործել նաև լաբորատորիան, որտեղ կիրականացվի ստորգետնյա հանքայնացված ջրերի նմուշների քիմիական անալիզ:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Հանրապետության բոլոր մարզերում նախորդ շաբաթ դիտվել են կարկտավտանգ ամպեր: Ընդհանուր առմամբ՝ հակակարկտային կայաններից իրականցվել է մոտ 180 000 կրակոց:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները և հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ թղթակցության էլեկտրոնային տարբերակին անցնելու ուղղությամբ:
ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանի ջանքերով և գործընկերների աջակցությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համար ձեռք են բերվել ձայնագրող սարքեր՝ «911» ծառայության ահազանգերը վերահսկելու նպատակով: