Դատավորին կպատժեն. ո՞րն է նրա մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին պատրաստվում են կարգապահական պատասխանատվության ենթարկել: Նշենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը` նախազգուշացում, նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ հանրապետության նախագահին դիմելը:

Եվ, ահա, 2015 հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին: Սակայն դատավորին պատասխանատվության ենթարկելու նիստը հետաձգվել է մինչ հունիսի 26-ը: Իսկ ինչ սխալի համար են պատրաստվում պատասխանատվության ենթարկել դատավորին, եւ, առհասարակ, ընդունո՞ւմ է նա իր մեղքը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Իշխան Բարսեղյանի հետ:

-Պարո՛ն Բարսեղյան, Ձեզ պատրաստվում են կարգապահական պատասխանատվության ենթարկել: Ի՞նչ սխալ եք թույլ տվել:

-Անկեղծ ասած, կոնկրետ չգիտեմ, դա ընթացիկ բան է: Դեպարտամենտը ուսումնասիրություն է կատարել, կարգապահական հանձնաժողովը քննարկել է եւ այդպիսի եզրահանգման է եկել: Իսկ մնացածը պարզ կլինի արդարադատության խորհրդի նիստից հետո, թե ինչն ինչոց է:

-Սա առաջի՞ն դեպքն է, որ ենթարկվում եք կարգապահական պատասխանատվության, թե մինչ այդ էլ եք ենթարկվել պատասխանատվության:

-Չէ՛, չի եղել:

-Միգուցե չեք ցանկանում կոնկրետ գործի մասին ասել, բայց գոնե գիտեք, թե, օրինակ, Ձեր կողմից քննվող որ գործում եք թույլ տվել սխալ, որն էլ հիմք է դարձել, որ Ձեզ պատասխանատվության ենթարկեն:

-Կարծում եմ, որ ոչ մի սխալ էլ թույլ չեմ տվել, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց թե խորհուրդը ինչպիսի եզրահանգման կգա, չեմ կարող ասել: Ավելին՝ եթե կան խախտումներ էլ, ապա դրանք կոպիտ խախտումներ չեն:

-Կարգապահական պատասխանատվությունը դատավորին սթափեցնո՞ւմ է:

-Չեմ կարող ասել, այդպիսի կենսափորձ չունեմ, եւ այդպիսի իրավիճակ չի եղել, որ ասեմ՝ զգոնացնում են, թե ոչ:

-Իսկ չե՞ք կարծում, որ կարգապահական պատասխանատվությունը կարող է նաեւ դատավորին կաշկանդել որեւէ գործում ազատ որոշում կայացնել:

-Բացարձակապես ոչ, քանի որ օրենքը հստակ կարգավորում է: Կրկնում եմ՝ արդարադատության խորհուրդը կոլեգիա մարմին է, ուստի կքննարկեն, կարող է՝ բավարարեն, կարող է՝ կարճեն, կտեսնենք:

-Նշեցիք, որ Ձեր սուբյեկտիվ կարծիքով սխալ չեք, եթե հակառակը պարզվի՞:

-Ում էլ որ այս հարցը տաք, սուբյեկտիվորեն կասի, որ ինքը սխալ չէ, մնացածը կտեսնենք:

Նշենք, որ չնայած Իշխան Բարսեղյանն ասաց, թե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել եւ չի կարող ասել՝ այն զգոնացնում է դատավորին, թե ոչ, սակայն դատավորը կա՛մ մոռացել է, կա՛մ խուսափեց նախկինում իր նկատմամբ կիրառված նկատողության մասին բարձրաձայնումից:

Բանն այն է, որ 2013թ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ հայտարարվել էր նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Բայց դատավորը, մեղմ ասած, անցյալից դասեր չի քաղել: Իսկ կենթարվի՞ այս անգամ նա կարգապահական պատասխանատվության, թե ոչ, պարզ կլինի հունիսի 26-ին:

Քնար Մանուկյան




Լրահոս