ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ նոյեմբերի 22-ի երեկոյան տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շնորհավորեց ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Նիստում Վալենտինա Մատվիենկոն միաձայն ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ: Ընտրվեցին նաեւ ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նախագահները: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից միջազգային դիտորդների մասնակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական խորհրդարանական վեհաժողովին վերաբերող հարցեր:
Նիստի վերջում Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապմդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար: ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: