Տնտեսագիտության դոկտոր, Միջազգային եւ ավտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանի «Ռուսաստանի նոր քաղաքականությունը եւ Հայաստանի էներգետիկ շրջափակումը» հետազոտության ամբողջական տարբերակը:
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Առաջիկա տասնամյակում համակարգի հիմնական մարտահրավերներն են լինելու` բավարար էներգամատակարարման ապահովումը, Ռուսաստանից էներգետիկ կախվածության չեզոքացումը, համակարգի արդիականացման համար ներդրումների ներգրավումը, սպառողների համար` էներգամատակարարման մատչելիության ապահովումը:
Այդ մարտահրավերներին հնարավոր է պատասխանել միայն ինքնուրույն էներգետիկ քաղաքականության իրականացմամբ, ինչը, սակայն, ԵՏՄ շրջանակներում բացառվում է: Հայաստանն արդեն մեկ անգամ սխալվել է, երբ 2000-ական թվականներից սկսած իր էներգետիկ քաղաքականությունը հանձնեց ռուսական ընկերությունների ձեռքը: Դրա արդյունքում այսօր մեր երկիրը կանգնած է էներգետիկ ճգնաժամի շեմին: Եթե ԵՏՄ շրջանակներում շարունակվեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացները, ապա Հայաստանի էներգետիկան կհայտնվի վերջնական շրջափակման մեջ և չի կարող խուսափել աղետից:
“էներգետիկ հարթակի” քաղաքականության ձախողումը
Վերջին 15-17 տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվել են մի շարք վերափոխումներ, այդ թվում` մասնավորեցվել են բաշխիչ և գազամատակարարող ընկերությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրող որոշ ընկերություններ, ստեղծվել է անկախ կարգավորող մարմինը, մշակվել է բնագավառի զարգացման պետական ռազմավարությունը: Վերջինիս համաձայն Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական նպատակներն են` էներգետիկ անվտանգության և անկախության պահպանումը, մատչելի գներով երկարաժամկետ էլեկտրամատակարարման ապահովումը, էներգետիկայի ոլորտի զարգացման միջոցով` երկրի կայուն տնտեսական զարգացմանը նպաստումը:
Սակայն, Էներգետիկայի զարգացման ռազմավարության վերը նշված նպատակները և դրանց հասնելու համար առաջադրված խնդիրները հիմնականում մնացել են լոկ որպես փաստաթղթային ձևակերպումներ: Իրական էներգետիկ քաղաքականությունը ոչ միայն չի արձանագրել նշանակալից հաջողություններ, այլև ձախողվել է` երկիրը կանգնեցնելով անխուսափելի էներգետիկ ճգնաժամի առջև:
Հայաստանի էներգետիկ քաղաքականության պաշտոնական փաստաթղթերում առանձնանում է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկայի շուկաներում ինտեգրման ուղղությունը, ինչը մեծամասամբ պայմանավորված է ռուսական էներգետիկ ընկերությունների ռազմավարական նպատակներով: Սեփականության իրավունքով ռուսական ընկերություններին է պատկանում Հայաստանի էներգետիկայի ոլորտի ակտիվների զգալի մասը: Դրանց մի մասը Ռուսաստանը ձեռք բերեց 1990-ական թվականներին` էներգետիկայի ոլորտում Հայաստանի կուտակած շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց (տե´ս աղյուսակ 1): Բացի այդ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանն է պատկանում «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 100% սեփականության իրավունքը, իսկ «Գազպրոմ»-ը վերահսկում է Հայաստանի գազաբաշխիչ համակարգը («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի միջոցով): («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում է գտնվում նաև Աբովյանում ստորգետնյա գազի պահեստարանը` 127 մլն մ3 հզորությամբ):
Աղյուսակ 1
Հայաստանի հիմնական արտադրող կայանների նկատմամբ սեփականության փոխանցումը
Թողարկող կայանի անունը | Նոր սեփականատեր | Պարտքի ներման չափը |
Հրազդան ՋԷԿ | Ռուսաստանի Դաշնություն | 31 մլն ԱՄՆ դոլար |
Սևան-Հրազդան կասկադ | «Նորդիկ» ՌԱՕ | 25 մլն ԱՄՆ դոլար |
Մեծամորի ատոմակայան | ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ (միայն ֆինանսական կառավարումը) | 40 մլն ԱՄՆ դոլար |
Աղբյուրը` Բալաբանյան Ա., Կոչնակյան Ա., Սարգսյան Գ., Հենքինսոն Դ., Պիերս Լ. «Բարդ որոշումներ` դժվարին երկընտրանքներ էներգետիկ ոլորտում», ՀԲ, Կայուն զարգացման վարչություն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, հոկտեմբեր, 2011թ.:
Հայաստանի Էներգետիկայի ոլորտում Մոսկվայի ռազմավարական նպատակները, ընդհանուր առմամբ, հանգեցվում են ռուսական էներգետիկ ընկերությունների տարածաշրջանային էքսպանսիայի համար «ինքնատիպ ազատական էներգետիկ հարթակի» ձևավորմանը: Ենթադրվում էր, որ ունենալով հարակից բոլոր երկրների էներգահամակարգերի հետ կապող էլեկտրահաղորդման գծեր` Հայաստանը կարող է տարածաշրջանային շուկաներում հանդես գալ թե´ որպես բազիսային էլեկտրաէներգիայի մատակարար, թե´ որպես տարանցիկ երկիր: Այսինքն` նախատեսվում էր Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի ավելցուկային արտադրական հզորությունները, ինչպես նաև պլանավորվող նոր հզորություններն օգտագործել էլեկտրաէներգիա արտադրելու և հարևան երկրներ արտահանելու համար: Ռուսական էներգետիկ ընկերությունների կողմից մշակված այսպիսի հավակնոտ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ հաշվի չէին առնվում ոչ միայն սեփական հնարավորությունները, այլև տարածաշրջանային էներգետիկ շուկայի առանձնահատկությունները:
Ճիշտ է` սկսած 2003թ. միջազգային շուկաներում անընդհատ բարձրացել են էներգակիրների գները, ինչի շնորհիվ ռուսական էներգետիկ ընկերությունների ֆինանսական հնարավորություններն անընդհատ ընդլայնվել են: Սակայն ռուսական ընկերությունների ներդրումային և հատկապես տեխնոլոգիական հնարավորությունները երբեք բավարար չեն եղել այդպիսի հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Ներկայումս, երբ էներգակիրների համաշխարհային գներն էապես նվազել են (Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ և մեկուսացման քաղաքականություն), չի կարող խոսք լինել Ռուսաստանի էներգետիկ էքսպանսիայի մասին: Ռուսաստանում սառեցվել են էլեկտրաէներգետիկայի ոլորտի բազմաթիվ նախագծեր: Վերջինիս էներգետիկան չափազանց մեծ տեխնոլոգիական կախվածություն ունի Արևմուտքից: Երկիրը ներմուծում է գազատուրբինների 45%-ը, տրանսֆորմատորների 50%-ը, հիդրոտուրբինների 30%-ը և կոմպլեկտավորողների մեծ մասը: Ճգնաժամի մեջ է էներգետիկ մեքենաշինության ճյուղը, իսկ ռուսական էներգահամակարգի մաշվածության աստիճանը կազմում է 50-70%, ինչն առաջիկա տարիներին կարող է հանգեցնել շահագործումից ակտիվների մի զգալի մասի դուրսբերման: Ռուսաստանի էլկտրաէներգետիկան ունի նաև որակավորված կադրերի դեֆիցիտի հիմնախնդիր: «Rzeczpospolita»-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանում վերջին ամիսներին էլեկտրաէներգիայի համար չվճարված պարտքերն աճել են մինչև 4,3 մլրդ դոլար: Ընդ որում, էլեկտրականության համար չեն վճարում ինչպես ձեռնարկությունները, այնպես էլ բնակչությունը: Ընդ որում, տարվա սկզբից պարտքն աճել է 1,4 անգամ:
Բացի այդ այդպիսի էներգետիկ քաղաքականությունը ենթադրում էր ռուսական էներգետիկ ընկերությունների ղեկավարությամբ տարածաշրջանի բոլոր երկրների էներգետիկ համագործակցություն, ինչն անհնար էր այդ երկրների միջև գոյություն ունեցող բազմաթիվ քաղաքական հակասությունների, տնտեսական և այլ բնույթի պատճառներով: Անցած 10-15 տարիների ընթացքում շատ բան փոխվեց տարածաշրջանում` թե’ Վրաստանում, թե’ Թուրքիայում, թե’ Իրանում: Այս երկրներն ստեղծել են ինքնաբավությանը կողմնորոշված ավելի լուրջ և ուժեղ էներգետիկ ենթակառուցվածքներ: Այս ամենը չէր կարող չանդրադառնալ ռուսական ընկերությունների` նախկինում ձևավորած մտադրությունների վրա: Այսպես ասած` այդ քաղաքականությունը եղել է հավակնոտ, իրականությունից կտրված և ձախողվել է վերջնականապես:
Այդպիսի էներգետիկ քաղաքականությունը ոչ միայն չէր բխում Հայաստանի շահերից, այլև մեր երկիրը փաստացի դարձրեց ռուսական էներգետիկ հսկաների չհիմնավորված բիզնես-նախագծերի փորձարկման հրապարակ: Նախ հարկ է նկատել, որ էլեկտրաէներգիայի վաճառքը միջազգային առևտրում շատ փոքր բաժին ունի: Այն սովորական ապրանք չէ, էլեկտրաէներգիայի հետ կապված արտաքին առևտուրը կայուն չէ, հետևաբար առևտրի միջազգային բաժանման համակարգում Հայաստանի այդպիսի կողմնորոշումը մակրոտնտեսական մեծ ռիսկեր էր պարունակում: Ստացվեց այնպես, որ Հայաստանին, ըստ էության, պարտադրվեց կրկնօրինակել Ռուսաստանի տնտեսական զարգացման մոդելը, որը հիմնված է էներգակիրների արտահանման վրա` այն տարբերությամբ, որ Հայաստանը, չունենալով բնական գազի պաշարներ, էլեկտրաէներգիայի արտադրության գծով մասնագիտացավ դրանց օգտագործման հիման վրա: Իսկ քանի որ գազը Հայաստանը պետք է ներմուծեր, կախվածության աստիճանի բազմապատկիչը մեծացավ: Այս առումով հատկանշական է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար էլեկտրաէներգետիկան վերածվեց պրոֆիլային բիզնեսի (ընկերությունը ձեռքբերեց Հայաստանի գեներացնող ակտիվների մի զգալի մասը):
Իհարկե, ի վերջո այդ քաղաքականությունն իրական լուրջ դրսևորումներ չունեցավ և չէր էլ կարող ունենալ. Հայաստանի էներգետիկային հասցվեց հսկայական վնաս: Այդ քաղաքականությամբ փաստացի արգելափակվեց այլ պետությունների և օտարերկրյա այլ ընկերությունների կողմից Հայաստանին տնտեսապես արդյունավետ նախագծերի առաջարկման և իրագործման հնարավորությունները:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ռուսական ընկերությունների կողմից Հայաստանին պարտադրված էներգետիկ քաղաքականությունը հեռանկարային կտրվածքով ոչ միայն չէր կարող մեր երկրի համար ապահովել էներգետիկ անկախության պատշաճ մակարդակ, այլև Հայաստանին զրկեց ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից բոլոր ուղղություններով, այդ թվում` արևմտյան ներդրումների ներգրավման:
Էլեկտրաէներգետիկ ճգնաժամի նախաշեմին
Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում կառուցված Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը մոտենում է իր օգտակար կյանքի ավարտին (տե´ս աղյուսակ 2): Ակնկալվում է, որ մինչև 2016թ. կամ դրանից կարճ ժամանակ հետո շահագործումից կհանվեն ավելի քան 1000ՄՎտ արտադրական հզորություններ (համակարգի հզորությունների մոտ կեսը), իսկ պահանջարկը կաճի տարեկան առնվազն 1.4%-ով: Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ էներգաբլոկների նոր հզորությունների մոտ 75%-ը նախատեսվում է օգտագործել իրանական կողմի համար էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով (որպես վճարում Իրանից ներկրված գազի դիմաց) և հետևաբար հասանելի չի լինելու ներքին սպառման համար: Արդյունքում կառաջանա արտադրական հզորությունների պակասորդ:
Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանխատեսումների` էլեկտրաէներգիայի նկատմամբ 2030թ. սպասվող պահանջարկը (հաշվի առնելով արտահանումը) կարող է հասնել 23 մլրդ ԿՎտ/ժ: Ներկայումս մոտավորապես 1400 ՄՎտ նոր հզորություններ գտնվում են պլանավորման տարբեր փուլերում: 1100 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ը պլանավորվող հզորություններից ամենամեծն է, սակայն էլեկտրակայանի կառուցման համար ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրը մտել է փակուղի, ինչի պատճառով դրա կառուցման և շահագործման հանձնման նախասկզբնական ժամկետները հետաձգվել են: Բացի այդ ծերացած են նաև բաշխիչ ցանցի ակտիվները (միջին տարիքը` 35), ցածրավոլտ ենթակայանների մոտ 42%-ը գտնվում է ոչ բավարար տեխնիկական վիճակում, 14000 հոսանքափոխարկիչներ բեռնված կամ գերբեռնված են, իսկ 220 ԿՎտ վերգետնյա էլեկտրահաղորդման գծերի մոտ 90%-ը հիմնանորոգում է պահանջում: Այդ պատճառով մեծ են էներգամատակարարումների ընդհատումների և հնարավոր անջատումների ռիսկերը:
Աղյուսակ 2
Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը, տարիքը և սեփականատերերը
Կայանի անունը | Տեսակը | Դրվածքային հզորություն ՄՎտ | Հասանելի հզորություն | Շահագործման հանձնման տարեթիվ | Սեփականատեր | |
ամառ | ձմեռ | |||||
Հրազդան | Ջերմային | 810 | 416.5 | 469.8 | 1969 | Ռուսաստանի Դաշնություն (Հրազտեց ԲԲԸ) |
Երևան | Ջերմային (ՀԳԷ) | 550 | 59.5 | 50.3 | 1965 | Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ կառավարություն |
Մեծամորի 2-րդ բլոկ | Ատոմային | 408 | 358.2 | 388.3 | 1980 | ՀՀ կառավարություն (ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ -ի ֆինանսական կառավարման ներքո) |
Սևան-Հրազդան կասկադ | Հիդրո | 561.4 | 216.7 | 95.6 | 1940-1962 | ՌԱՈ «Նորդիք» |
Որոտանի կասկադ | Հիդրո | 400 | 186 | 168.4 | 1970-1989 | ՀՀ կառավարություն |
Փոքր հիդրոէլեկտրակայաններ | Հիդրո | 76 | 54.6 | 26.2 | Հ/Չ | Տարբեր սեփականատերեր |
Լոռի 1 | Հողմային | 2.64 | 0.3 | 1.1 | 2005 | ՀՀ կառավարություն |
Աղբյուրը` Բալաբանյան Ա., Կոչնակյան Ա., Սարգսյան Գ., Հենքինսոն Դ., Պիերս Լ. «Բարդ որոշումներ` դժվարին երկընտրանքներ էներգետիկ ոլորտում», ՀԲ, Կայուն զարգացման վարչություն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, հոկտեմբեր 2011թ.:
Այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է, որն ունի սեփական էներգետիկ ռեսուրսների անբավարարություն, պետք է կարողանա էներգետիկայի զարգացումը պլանավորել էներգետիկ անկախության և անվտանգության սկզբունքների ապահովմամբ: Բացի տեղական հասանելի էներգետիկ աղբյուրների (հիդրոռեսուրսներ և այլընտրանքային էներգետիկա) առավելագույն հնարավոր օգտագործումից, դրան նպաստում է նաև միջուկային էներգետիկայի զարգացումը: Ատոմային էներգիան շատ ավելի էժան է, քան գազի հիման վրա աշխատող ջերմաէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիան: Ֆրանսիայի փորձը ցույց է տալիս, որ սեփական էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիրը կարող է հասնել էներգետիկ անվտանգության միջուկային էներգետիկայի զարգացման հիման վրա: Դեռևս անցած դարի 50-ական թվականներին շուկայի զարգացման միտումների ճիշտ բացահայտման և գրագետ տեխնիկական ռազմավարության մշակման շնորհիվ Ֆրանսիային հաջողվեց ստեղծել բարձր արդյունավետ էներգետիկ հատված, արտադրել նվազագույն ծախքերով էլեկտրաէներգիա և այն արտահանել եվրոպական այլ երկրներ:
Ներկայումս շահագործվում է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի խորհրդային VVER 440 տեսակի թեթև ջրային 2 ռեակտորներից մեկը` բլոկ 2-ը: Ատոմակայանը փակվել էր 1989թ.` երկրաշարժից հետո, իսկ բլոկ 2-ը վերսկսեց իր աշխատանքները 1995թ.: Այդ բլոկն ապահովում է երկրի էներգաարտադրության 35-40%-ը: Միջուկային վառելիքի չվճարումների պատճառով, որպես պարտքի փոխհատուցում, 2003թ. Մեծամորի ատոմակայանը հանձնվեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ֆինանսական կառավարմանը: 2008թ. ֆինանսական կառավարման համաձայնագիրը երկարաձգվեց ևս 5 տարով: Սակայն դեռ այդ ժամկետը չլրացած` ռուսական ընկերությունը 2012թ. հունվարի 1-ից դադարեցրեց Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը, ինչը փաստացի նշանակում է, որ ռուսական կողմը հրաժարվում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում որևէ պատասխանատվություն վերցնելուց: 2012թ. մարտի 1-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ հայկական ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը: Անորոշ և ռիսկային են մնում ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու պլանները:
Երկար տարիներ Հայաստանի օրակարգում էր նոր ատոմակայանի շինարարության հարցը: Նոր ատոմային էներգաբլոկի շինարարության կառավարման պայմանագիրը ստորագրվել է 2009թ. մայիսի 28-ին «Worley Parsons» միջազգային կոնսորցիումի հետ, որը հաղթող է ճանաչվել համապատասխան մրցույթում և իր վրա պետք է վերցներ էներգաբլոկի շինարարության և մոնտաժման գործընթացը: Ընկերությունը պետք է իրականացնի բլոկի նախագծման կազմակերպում, մրցույթի հայտարարում պոտենցիալ ներդրողների համար, նրանց ընտրություն, որից հետո նախատեսվում է սկսել նախագծային աշխատանքների իրացման փուլը, իսկ հետո՝ շինարարությունը: Պլանավորվում էր նաև հայտարարել մրցույթ ատոմային էներգաբլոկի շինարարության համար:
Կառավարության կողմից իրականացված նախնական հաշվարկներով այդ շինարարությունը կարժենա 5 մլրդ դոլար: Նախատեսվում է, որ նոր բլոկը կկառուցվի գործող կայանի տարածքում և կունենա մոտ 1000 ՄՎտ հզորություն: Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման պլաններից: Ավելի ճիշտ, իրականում այդպիսի պլաններ երբեք չեն էլ եղել: Միաժամանակ, Հայաստանի քաղաքական և տնտեսական կախվածությունը Ռուսաստանից արգելափակել է արևմտյան ընկերությունների հետ ատոմային համագործակցության հնարավորությունները: Արևմտյան տեխնոլոգիաներով և ֆինանսական միջոցներով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումն ինքնին նշանակում է Մոսկվայից Հայաստանի էներգետիկ, հետևաբար նաև տնտեսական ու քաղաքական կախվածության վերացում:
Երկար տարիներ աշխատելուց և էժան էլեկտրաէներգիա մատակարարելուց հետո ճգնաժամային վիճակում է հայտնվել 561 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որի սեփականատերը ներկայումս «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն (ՌուսՀիդրո-ի հայկական դուստր ընկերություն) է: Կասկադը արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 10%-ը և էական դեր է խաղում էլցանցերի բեռնվածության միջև հաշվեկշիռը պահելու և հասանելի էներգամատակարարում ապահովելու համար: 2014թ. փետրվարին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն տվեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի 2014-2018թթ. 52,3 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին: Ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 2013թ. ընթացքում ներգրավված վարկային միջոցների հաշվին (յուրաքանչյուրից 25 մլն դոլար): Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է 1930-60-ական թվականներին: Նշված վարկային միջոցները կօգնեն որոշակի վերականգնողական աշխատանքներ կատարել, որպեսզի նվազեցվի վթարային վիճակների առաջացումը: Սակայն, այդ միջոցները շատ քիչ են, կասկադի ամբողջական արդիականացման համար անհրաժեշտ է շուրջ 1.5 մլրդ դոլար: Ներկայումս, երբ Ռուսաստանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, իսկ Մոսկվայից չափազանց մեծ կախվածության պատճառով Հայաստանը կորցրել է իր ներդրումային գրավչությունը, հիդրոկասկադի արդիականացման համար ներդրումների ներգրավման հիմնախնդիրը գործնականում դարձել է անլուծելի:
Երկար ժամանակ անորոշ էր մնում «Որոտան հիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին դեռևս 2014թ. հունվարին ձեռքբերված պայմանավորվածությունը: Վերջապես 2015թ. մայիսի 7-ին կառավարությունում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալտերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև: Ըստ նախկինում տարածված պաշտոնական հաղորդագրության` Որոտանի կասկադը վաճառվել է 180 մլն դոլարով: Ամերիկյան ընկերությունը պարտավորվել է առաջիկա վեց տարիներին համալիրի արդիականացման և վերանորոգման համար ներդնել 70 մլն դոլար:
Կասկած չկա, որ «Քոնթուր Գլոբալ»-ն իր հետ Հայաստան կբերի ամերիկյան էներգետիկ ընկերությունների հարուստ փորձը, աշխատանքի և տեխնիկական շահագործման մշակույթը, բնապահպանական և անվտանգության բարձր ստանդարտները: Շատ կարևոր է, որ ընկերությունը մասնագիտացած է ոչ միայն հիդրոէլեկտրակայանների շահագործման, այլև քամու և արևային էներգիայի ոլորտներում, ինչն անշուշտ լրացուցիչ խթան կարող է դառնալ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար: Այս գործարքը կարող է նպաստել նաև վերջին տարիներին Հայաստանի էներգետիկայի և, մասնավորապես, հիդրոէներգետիկայի ու վերականգնվող էներգիայի աղբյուրների շուկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած արևմտյան այլ ընկերությունների ներդրումների ներգրավմանը: Բայց թե ինչպես կարձագանքի այս գործարքին Մոսկվան դեռևս պարզ չէ:
Սնանկացման եզրին է հասել ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի հայաստանյան դուստր ընկերություն «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն: Վերջինիս ներդրումային ծրագիրը 2015թ. կազմում է 17,5 մլն դոլար: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքը բանկերին կազմում է 220 մլն դոլար: Այս ընկերությունը վերջին տարիներին պարբերաբար բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը նվազեցնում է էլեկտրականության մատչելիությունը սպառողների համար և խորացնում է էներգետիկ աղքատությունը: Ընդ որում, ընկերությունը լուրջ ներդրումներ բաշխիչ ցանցի արդիականացման համար չի կատարել:
Դեպի ԵՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա՞
Նախորդ տասնամյակում Հայաստանի պաշտոնական և փորձագիտական շրջանակներում ընդունված էր համարել, որ էներգետիկայի ոլորտում Իրանի հետ համագործակցությունը Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածությունը փոքրացնելու այլընտրանքային լուծումներ գտնելու հնարավորություններ է ընձեռում: Ինչ-որ առումով դա այդպես է, եթե նկատի ունենանք գոյություն ունեցող հնարավորությունների ներուժը: Հայաստանի և Իրանի միջև կնքվել և իրագործվում է էլեկտրաէներգիա գազի դիմաց բարտերային գործարքը, կառուցվել են էլեկտրահաղորդման գծեր, նախատեսվում է մինչև 2018թ. կառուցել 400 ԿՎտ բարձրավոլտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, իսկ 2012թ. նոյեմբերին տեղի է ունեցել Արաքս գետի վրա «Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Այդ ամենը, իհարկե, քիչ չէ, և ընդհանուր առմամբ վատ հիմք չէր հետագա համագործակցության ընդլայնման համար: Առավել ևս, որ ԱՄՆ-ի կողմից քաղաքական հիմնախնդիրներ` կապված Իրանի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասով, չեն եղել: Վաշինգտոնը սովորաբար ըմբռնումով է մոտեցել հայ-իրանական համագործակցությանը` ելնելով Հայաստանի համար դրա ունեցած կենսական նշանակությունից: Բայց առաջին հայացքից շատ վառ տպավորությունները մթագնում են, երբ հարցը դիտվում է Հայաստանի էներգետիկ քաղաքականության ընդհանուր համատեքստում: Հայ-իրանական էներգետիկ նախագծերի իրականացումը Ռուսաստանի պարտադիր ներգրավվածությամբ, այդպիսի հնարավորությունները, եթե չասենք ամբողջությամբ չեզոքացրել, ապա առավելագույնս սահմանափակել են: Դա վերաբերում է Իրան-Հայաստան գազատարին, համագործակցության ընդլայնմանը նավթաքիմիայի բնագավառներում, նավթավերամշակման գործարանի և Թավրիզ-Երասխ նավթամուղի, ինչպես նաև դրա հետ կապված նավթամթերքների տերմինալի կառուցման նախագծերին:
Ռուսաստանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել Իրանի էներգետիկ էքսպանսիան, ինչը Մոսկվային գրեթե միշտ հաջողվել է: Հետևաբար, առանց Հայաստանի էներգետիկ քաղաքականության վերանայման իրանական այլընտրանքը չէր կարող կայանալ: Այսպիսի պայմաններում խոսք չէր կարող գնալ նաև արևմտյան այլընտրանքի մասին: 2015թ. հունվարի 1-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է: Այս հանգամանքը էապես սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները այլընտրանքային հնարավորությունների հարցում:
Ըստ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման կառավարման բաժնի պետ Մ. Արզումանյանի՝ Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ստեղծմամբ: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 29-ին 365info.kz.-ին: Ինչու՞մ է կոնկրետ Հայաստանը շահագրգռված, Մ. Արզումանյանը չի պարզաբանում: Ըստ նրա՝ «ԵՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգի իրացումը և այդ շուկայի արդյունավետ գործունեության ձեքբերումը թույլ կտա ամրապնդել ԵՏՄ դիրքերը որպես կարևորագույն խաղացող գլոբալ էներգետիկ շուկայում»: Այն, որ Հայաստանն այդ դեպքում կարող է ընդհանրապես էլեկտրաէներգետիկա չունենալ, Մ. Արզումանյանին չի մտահոգում:
Պլանավորվում է ԵՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան ձևավորել երեք փուլերով: ԵՏՄ ստեղծման մասին 2014թ. մայիսի 29-ին ստորագրված պայմանագրի 81-րդ և 104-րդ հոդվածների համաձայն միության անդամ երկրները պետք է մշակեն և մինչև 2015թ. հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի հաստատմանը ներկայացնեն ԵՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի Հայեցակարգը[10], իսկ մինչև 2016թ. հուլիսի 1-ը հաստատեն ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը: Երկրորդ փուլն ընդգրկում է 2016-2018թթ.: Այդ ժամանակահատվածում ԵՏՄ անդամները պետք է իրականացնեն շուկայի կայացման համար անհրաժեշտ միջոցառումներ: Երրորդ փուլում արդեն գործողության մեջ կմտնի ԵՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը: Դա տեղի կունենա 2019թ.:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Դ. Ախմետովի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը թույլ կտա փակել էլեկտրաէներգիայի նկատմամբ երկրների պահանջմունքները, իջեցնել ինքնարժեքը և բարձրացնել էներգետիկ հզորությունների օգտագործման արդյունավետությունը 7%-ով: Ներկայումս Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի արտադրող հզորությունների արդյունավետության գործակիցը կազմում է մոտ 60%: Միջպետական հաղորդման գծերի հնարավորությունները օգտագործվում են 20%-ով: Չնայած միության անդամ պետություններում առկա են արտադրող հզորություններ և զարգացած էլեկտրացանցեր, էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի ծավալները ներկայումս փոքր են: 2014թ. այն կազմել է 6 մլրդ ԿՎտ ժամ (ԵՏՄ-ում էլեկտրաէներգիայի համախառն արտադրության 0,5%-ը) և 2013թ. համեմատ կրճատվել է 30%-ով: Կանխատեսվում է, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը շուկայական մեխանիզմների օգտագործման արդյունքում կհանգեցնի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի աճի 1,5 – 2,5 անգամ, արտահանման աճի` 2 անգամ: Դրա հաշվին արտադրող հզորությունների բեռնվածությունը կարող է աճել 7%-ով, իսկ միության ՀՆԱ լրացուցիչ աճը սիներգիկ էֆեկտի հաշվին կհասնի 7 – 7,5 մլրդ դոլարի:
Սակայն վերը նշվածն ընդամենը գնահատականներ են: Նման գնահատականներ եղել են նաև Մաքսային Միության ստեղծման տնտեսական հիմնավորումներում, որոնք սակայն, պարզվեց, որ չափազանց հեռու են իրականությունը համարժեք ներկայացնելուց: Մասնագետները կարծում են, որ ընդհանուր շուկան ուղղված է ոչ այնքան էներգահամակարգի արդիականացմանը, որքան լրացուցիչ շահույթի կորզմանը` գոյություն ունեցող էներգահզորություններից: Հետևաբար, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Վերջին տարիներին նկատվում է էլեկտրաէներգիայի ռուսական արտահանման կրճատում: Դա կապված է Ռուսաստանի էներգետիկ հզորությունների մաշվածության բարձր մակարդակի և մշտապես աճող գնի պատճառով ԱՊՀ–ում և հեռավոր արտասահմանում դրա սպառման կրճատման հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանում և Ղազախստանում արտադրվող էլեկտրաէներգիան ավելցուկային է, հետևաբար այդ ավելցուկը պետք է արտահանվի որևէ երկիր: Բնական է, որ այս դեպքում կշահի Ռուսաստանը, որի էլեկտրաէներգետիկան ԵՏՄ մյուս երկրների համեմատությամբ ավելի մրցունակ է (քանի որ ապահովված է ավելի էժան սեփական էներգառեսուրսներով):
Ընդհանուր շուկայի ձևավորման ժամանակ պլանավորվում է կիրառել սփոթ շուկայի կապակցված մոդելը՝ հաշվի առնելով երեք երկրներից յուրաքանչյուրի արդեն գոյություն ունեցող ներքին մոդելները: Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան ենթադրում է, որ սպառողներն իրավունք ունեն կնքել երկարաժամկետ գնման պայմանագրեր ԵՏՄ ցանկացած երկրի էլեկտրաէներգիա մատակարարողների հետ: ԵՏՄ հայեցակարգի համաձայն սփոթ շուկայում էլեկտրաէներգիան կվաճառվի այն շուկայից, որտեղ առավել ցածր գինն է: Պլանավորվում է, որ ընդհանուր շուկայի ձևավորումից հետո կսկսվի էլեկտրաէներգիայի գների աստիճանական ճշգրտում, եթե ոչ միասնական գնի, ապա դրան բավական մոտ ընդհանուր ցուցանիշի ուղղությամբ:
Այս իրողություններից ելնելով՝ Բելառուսը գտնում է, որ էներգետիկ համագործակցությունը շահավետ կդառնա միայն բարեխիղճ մրցակցության պայմաններում, ինչը տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել: Մինսկի պնդմամբ ԵՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հայեցակարգում ներառվել է Բելառուսի հատուկ կարծիքը` կապված պետական շահերի հետ: Դրանում մասնավորապես նշվում է, որ Բելառուսի էլեկտրաէներգետիկական համակարգը շուրջ 95%-ով հիմնված է ներմուծվող բնական գազի օգտագործման վրա: Բելառուսի էներգետիկայի փոխնախարարի խոսքերով խնդիրը նրանում է, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պետք է բացվի մինչև 2019թ., իսկ ԵՏՄ պայմանագրում ամրագրված է, որ գազի ընդհանուր շուկան կստեղծվի մինչև 2025թ.: Այս առումով «խնդիրը նրանում է, որ նշված ժամանակում ստեղծված չի լինի գազի ընդհանուր շուկան և, համապատասխանաբար, բարեխիղճ մրցակցության ոչ մի սկզբունքի մասին խոսք լինել չի կարող: Բելառուսական կողմին դա չի բավարարում: Ռուսաստանում և Ղազախստանում, օրինակ, գազի գինը ցածր է երկու անգամ, քան Բելառուսում»: Ելնելով դրանից՝ Բելառուսն առաջարկել է հայեցակարգի իր խմբագրությունը, որտեղ ամրագրված է, որ մինչև գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵՏՄ պետությունները էլեկտրաէներգիայի շուկայում կաշխատեն սուբյեկտային կազմով: Դա նշանակում է, որ ներմուծվող գազ կարող է գնել միայն լիազորված պետական կազմակերպությունը, որը հաշվի կառնի գնման տնտեսական նպատակահարմարությունը: Այսպիսով Մինսկը պնդում է, որ միայն գազի ընդհանուր շուկայի ստեղծումից հետո էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը այլ երկրից կարող են ստանալ նաև մեծածախ սպառողները:
Ի՞նչ հիմնախնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանի էլեկտրաէներգետիկան ԵՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման դեպքում: Ըստ էության տվյալ շուկան համակարգ է ԵՏՄ երկրների էլեկտրաէներգիայի ներքին շուկաների սուբյեկտների միջև, հիմնված էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի վրա: Տեխնոլոգիական առումով այդ համակարգերի միավորումը տեղի է ունեցել դեռ ԽՍՀՄ կազմում: Հետխորհրդային ժամանակաշրջանում զուգահեռ աշխատանքը պահպանվել է ԱՊՀ միավորված էլեկտրաէներգետիկական համակարգի կազմում: ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին միջկառավարական համաձայնագրով 1992թ. ստեղծվել է ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհուրդը, որին անդամակցում է նաև Հայաստանը:
Ցանկացած երկրի էլեկտրաէներգետիկ շուկան պետք է մրցունակ լինի, քանի որ էլեկտրաէներգիայի արժեքն ազդում է տնտեսության իրական հատվածի և արտադրանքի ինքնարժեքի վրա: Ի վերջո, էլեկտրաէներգետիկական համալիրի աշխատանքից կախված է բնակչության կենսամակարդակը:
Հայաստանի էներգետիկ հզորությունները և ենթակառուցվածքը մեծամասամբ իրենց դարն ապրել են: Դրանց աշխատանքը վաղ թե ուշ կդադարեցվի: Իսկ փոխարենը՝ նոր ստեղծվելիք հզորությունների մասին խոսելն ավելորդ է: Այդ ամենը պահանջում է հսկայական ներդրումներ, որի համար այսօր ոչ մի աղբյուր գոյություն չունի: Կցվելով Ռուսաստանի էներգետիկ համակարգին՝ ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգը նույնպես հայտնվել է մեկուսացման և պատժամիջոցների ազդեցության գոտում:
Ավելին, Ռուսաստանը Հայաստանի էլեկտրաէներգետիկան փաստացի շրջափակել է: Ի վերջո, եթե Հայաստան ներմուծվող թանկ գազը պետք է վերածվի էլեկտրաէներգիայի, իսկ մենք չունենանք ատոմակայան, էժան էներգիայի աղբյուրներ, արտադրված էլեկտրաէներգիան շատ թանկ կլինի, իսկ էլեկտրաէներգետիկա ունենալն ու պահելը կիմաստազրկվի: Հայաստանի սպառողները պարզապես այլ ելք չեն ունենա, քան էլեկտրաէներգիան գնել Ռուսաստանի մատակարարներից՝ դրա համար վճարելով ոչ միայն նրանց, այլև Վրաստանի կամ Ադրբեջանի փոխանցող ցանցերին` էլեկտրաէներգիայի տարանցման համար: