Այսուհետ երգիչ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսահոլովակները կտեղադրվեն VEVO երաժշտական հեղինակավոր կայքում, որտեղ երգիչն ունի իր պաշտոնական ալիքը: VEVO-ն ստեղծվել է Sony Music Entertainment եւ Universal Music Group կազմակերպությունների հետ համատեղ: Երաժշտական այս ալիքով ցուցադրվում են արտասահմանյան ամենահայտնի երգիչ-երգչուհիների հոլովակները` Մադոննա, Շակիրա, Բեյոնսե, Մայքլ Ջեքսոն… Արմանն առաջին հայ կատարողն է, ում հետ VEVO-ն պայմանագիր է կնքել, հիմա երգիչն ավելի հասանելի կդառնա արտասահմանյան հանդիսատեսի համար:
-Շնորհավորում ենք Ձեզ նոր ձեռքբերման համար:
-Շնորհակալ եմ, ինձ համար կարեւոր է ինչ-որ կերպ օտարին ծանոթացնել մեր հայկական երգին, մշակույթին: Այս պահին իմ ալիքում տեղադրել ենք միայն “Անուշիկ իմ քույրիկ” երգը, հետագայում բոլոր տեսահոլովակներիս պրեմիերաները կարվեն այնտեղ, ինչպես նաեւ youtube-ի իմ պաշտոնական ալիքում:
-Տարվա մեծ մասը շրջագայությունների մեջ եք, նկատո՞ւմ եք տարբերություն սփյուռքի եւ Հայաստանի հանդիսատեսի միջեւ:
-Գրեթե նույն կերպ են ընկալում հայկական երաժշտությունը, բայց քանի որ սփյուռքում կարոտ կա, մի քիչ ջերմությունն ուրիշ է, չնայած ասում եմ՝ համարյա թե տարբերություն չկա: Վերջերս Սիդնեյում` Ավստրալիայում, 2 համերգ ունեցա, դրանից հետո էլ գնացի Ռուսաստան, 11 քաղաքներում համերգներ տվեցինք, տպավորություններս միայն խոսքով փոխանցել չեմ կարող: Երբ դրսում քեզ տեսնում են, քեզ ընդունում են որպես Հայաստանի մի մասնիկ, պատկերացնում են, թե այդ պահին հայրենիքում են:
-Կա՞ մի այցեքարտ-երգ, որ միշտ կատարում եք Ձեր համերգներին:
-“Տեր Աստված” երգն է, առանց որի ոչ մի համերգ չի լինում: Ես այդ երգը միայնակ չեմ երգում, հանդիսատեսն անգիր գիտի, միասին երգում ենք: Երբ Սիրիայում համերգից առաջ այցելեցի այնտեղի դպրոցը, երեխաներն ինձ այդ երգով դիմավորեցին:
-Լսել եմ, որ “Գեթ մի պահ” երգը, որը Դուք դուետով երգում եք Լուսինայի հետ, սկզբում նախատեսված է եղել Քրիստինե Պեպելյանի համար: Ինչպե՞ս պատահեց, որ հետո երգը բաժին հասավ Լուսինային: Աղջիկները չնեղվեցի՞ն այդ փաստից:
-Ամբողջ պատմությունն այսպես է եղել: Մենք Քրիստիկի հետ այդ երգը երգել ենք Մարսելում մի քանի տարի առաջ: Հետո երբ ես 2 օր մենահամերգ ունեցա, Քրիստինեն քաղաքում չէր, որ միասին կատարեինք, ու ստացվեց, որ այդ երգը մի որոշ ժամանակ չերգեցինք: Հետո Բեյրութում իմ համերգն էր, Լուսինան էլ այնտեղ տեսահոլովակ էր նկարահանում, որոշեցինք այդ երգը միասին երգել: Քրիստինեի հետ խոսեցի, ինքը իմ լավ ընկերն է, առանց մտածելու ասաց, որ ոչ մի խնդիր, բայց որոշեցինք, որ հետո էլ նրա հետ նոր դուետ կունենանք: Լուսինան էլ, Քրիստինեն էլ իմ լավ ընկերներն են, ոչ մեկն էլ մյուսից չնեղացավ:
-Դուք դուետ ունեք նաեւ Ձեր ուսուցչի` Ռուբեն Մաթեւոսյանի հետ: Նրանից ի՞նչ դասեր եք քաղել, մասնագիտական ոլորտից բացի:
-Այն, որ ես իր ուսանողն եմ, արդեն ոսկյա տառերով գրված է իմ կենսագրության մեջ: Խորհուրդներ շատ եմ ստացել մաեստրոյից, հենց մեկը այն, որ հանդիսատեսի առաջ պետք է միշտ խոնարհվել, չէ՞ որ հենց ինքն է բարձրացնում երգչին ու նույն կերպ էլ կարող է իջեցնել:
–Շատ կատարողներ տարիների ընթացքում, երգից զատ, որոշում են նաեւ մանկավարժությամբ զբաղվել, դպրոցներ են բացում, իրենց փորձով կիսվում սկսնակների հետ: Չունե՞ք նման նախագծեր:
-Մտահղացում եղել է: Երբ ես ավարտեցի կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին այնտեղ դասավանդել, ուղղակի ես ժամանակ չունեմ: Կարծում եմ, որ պետք է նվիրվես մանկավարժությանը, իսկ ես հաճախ եմ քաղաքից բացակայում, չեմ կարող իմ ուսանողներին ասել՝ ես մի ամիս Հայաստանում չեմ, դուք ինքնե՛րդ սովորեք: Հետո էլ մտածում եմ՝ դեռ երիտասարդ եմ, ինքս էլ շատ բան ունեմ սովորելու:
-Երիտասարդ եք, բայց արդեն հասցրել եք ստանալ վաստակավոր արտիստի կոչում, ինչը շատերին դուր չեկավ:
-Դա մի կոչում է, որի հետ տարիքը կապ չունի: Կարող ես լինել 50-60 տարեկան, բայց որպես երգիչ՝ քո կյանքում շատ բան արած չլինես ու չվայելես ժողովրդի սերը: Վստահ եմ՝ նման կոչումները տալիս են վաստակի, կատարած աշխատանքի համար: Բոլոր նրանց, ովքեր դժգոհում են, պետք է հարցնել՝ իսկ դուք ի՞նչ եք արել, քանի՞ երկրում եք մենահամերգ ունեցել, քանի՞ հոգանոց դահլիճներ եք հավաքել: Այդ կոչումը նախագահն է տալիս, իսկ հենց էնպես քեզ ոչ ոք կոչում չի տա, դու պետք է այն վաստակես: Երբ Ռուբեն Մաթեւոսյանին էլ երիտասարդ տարիքում կոչում են տվել, չարախոսներ կրկին եղել են, բայց չէ՞ որ մարդը վաստակել է իր կոչումը:
Ես երբեք ինձ չեմ գովում, բայց ես ընդամենը 32 տարեկան եմ ու չեմ կարող նշել այնպիսի մի դահլիճ` աշխարհի մասշտաբով, որտեղ մենահամերգ չեմ ունեցել: Իմ դրսի համերգներից եւ ոչ մեկը չի անցել ֆոնոգրամայի տակ, ամեն ինչ եղել է կենդանի հնչողությամբ: Հանրապետության հրապարակում կազմակերպած մենահամերգիս ժամանակ 100 000-ից ավելի մարդ էր եկել, չեմ ուզում նշել նաեւ այլ քաղաքներում ունեցած իմ հանդիսատեսների քանակը:
շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ