ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որն առավել հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով, հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արկադի Համբարձումյանը՝ Հայաստան մի շարք հայտնի քաղցրավենիքների եւ այլ ապրանքների ներկրողը, այս օրերին որոշ ապրանքատեսակներ չի կարողանում ներկրել Հայաստան:
Հիշեցնենք, որ Ա. Համբարձումյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը: Նա «Դերժավա-Ս» ՍՊԸ «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպ»-ի սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ խնդիրների առաջ է նա կանգնել:
-Պարո՛ն Համբարձումյան, եթե Ձեզ համար դժվար չէ, կարո՞ղ եք թվել քաղցրավենիքների այն տեսակները, որոնք Դուք ներկրում եք Հայաստան:
-Շատ ապրանքատեսակներ եմ ներկրում Հայաստան: Հիմա չեմ կարող հերթով թվել, ու չեմ հասկանում՝ այս ինչ հարցով եք ինձ դիմում:
-Մի՛ վրդովվեք: Պարզապես մենք տեղեկություններ ունենք, որ Դուք հայտնվել եք լուրջ խնդիրների առաջ եւ չեք կարողանում քաղցրավենիքների որոշ տեսակներ ներկրել:
-Ոչ մեկ չի կարող ինձ չթողնել՝ որեւէ բան ներկրեմ: Ըտենց նմա՞ն եմ էն տղուն, որ ինձ չթողեն, որ բան ներկրեմ: Չեմ հասկանում, ինտրի՞գ եք ման գալի: Ընենց հարց ես տալիս, ո՞վ չի թողնում, որ ես բան ներկրեմ:
-Գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ կատարվածը Ձեզ ինչ-որ բան չի՞ ասում:
-Դա Ձեր խնդիրն է, թե ում օրինակն ինչ օրինակ է: Մենք էդ խնդիրը չունենք:
-Այսինքն՝ Ձեզ ոչ ոք չի՞ կարող ոչինչ ասել, եւ Դուք խնդիր չունե՞ք:
-Ո՛չ, ո՛չ: Չեմ հասկանում, թե ինչ հակառակ պատկերի մասին եք խոսում: Ցանկացած մարդ կարող է ներկրել այս երկիր ինչ ցանկանում է, եւ ես էս պատերի տակի խոսակցությունը էլ չեմ ցանկանում լսել:
-Ի՞նչ է նշանակում «պատերի տակի» խոսակցություն:
-Դե Դուք տեղեկություն ունեք, ես չունեմ: Կարող եմ ասել, որ Դուք ավելի տեղեկացված եք: Ի՞նչ ասեմ: Կրկնում եմ՝ ես որեւէ խնդիր չունեմ ոչ միայն քաղցրավենիքի, այլեւ ուրիշ ապրանքների ներկրման հետ: Ինչքան պետք է, ներկրում եմ ու էդ անում եմ օրենքի շրջանակներում:
-Եթե խնդիր չունեք, ինչպես վստահեցնում եք, ինչո՞ւ չեք թվում Ձեր կողմից ներկրվող քաղցրավենիքների տեսակները:
-Ես Ձեզ համար թվող չեմ ու եթե թվեմ, մի երկու ժամ կթվեմ:
-Շնորհակալություն:
«ԷՍ ԵՐԿԻՐՆ ԷԴ ԵՐԿԻՐԸ ՉԻ, ՈՒ ԵՍ ԷՆ ՏՂԵՆ ՉԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ