Ինչ լավ է, որ ԲՀԿ-ի կարգախոսն էլ «Հավատանք, որ փոխենք»-ը չէ, թե չէ իսկապես արդեն ոչ ոք չէր հավատա, ԲՀԿ-ն էլ կվերանվանվեր «ՀՀԿ-2»: Չնայած իրականությունը դրանից հեռու չէ, քանի որ հերթական անգամ ԲՀԿ-ի խոսքը մնաց խոսք. դեկտեմբերի 1-ից 5-ի ընթացքում խոստացվող հայտարարությունն այդպես էլ նշված ժամկետում չի արվի մի պարզ պատճառով՝ Ծառուկյանը մինչեւ դեկտեմբերի 6-ը չի վերադառնա Բրյուսելից, իսկ այնտեղից որեւէ հայտարարություն չի լինի: Սա մեր ենթադրությունն էր, որը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատեց նաեւ ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կլինի դեկտեմբերի 6-8-ի ընթացքում: Հիմա հավատա՞նք, թե՞ ոչ:
Առավել հետաքրքիր էր այն, որ վերջին օրերին ԱԺ նիստերին չմասնակցած Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական այցով, այն էլ՝ պատվիրակությամբ մեկնում է Բրյուսել: Հարցին, թե ինչու ԲՀԿ առաջնորդն այցերի փոխարեն չի մասնակցում իր երկրում խորհրդարանական աշխատանքներին՝ նաեւ նույն այցերի պատճառով ուշացնելով իր որոշման մասին սպասված հայտարարությունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Գ. Ծառուկյանը մշտապես կարեւորել է խորհրդարանի դերակատարումը մեր երկրի քաղաքական կյանքում, իսկ քառօրյայի աշխատանքներին նրա չմասնակցելը պայմանավորված է մասնավորապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ. ուրիշ որեւէ պատճառ չկա, եւ առաջիկայում Գ. Ծառուկյանն անպատճառ մասնակցելու է ԱԺ քառօրյաների աշխատանքներին»:
Աշխատանքային ծանրաբեռնվածության հետ կապված՝ հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 28-ին ԲՀԿ առաջնորդը, գտնվելով Երեւանում, ԱԺ նիստին մասնակցելու փոխարեն գերադասեց մասնակցել սպորտային միջոցառման բացմանը:
Ինչեւէ, ըստ ԲՀԿ լրատվական ծառայության՝ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում դեկտեմբերի 4-6-ը հանդիպումներ է ունենալու Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրամիության արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի հետ: Իսկ այցի ավարտին ԲՀԿ առաջնորդի կողմից կտրվի ընթրիք՝ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե խոսքը բավական լուրջ ու նշանակալից հանդիպումների մասին է: Սակայն «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք այդքան էլ լուրջ բնույթ չեն կրում, ինչպես որ ճոխ-ճոխ ներկայացված է հայտարարության մեջ, եւ որեւէ էական ու կարեւոր հարց այնտեղ չի քննարկվելու, ոչ էլ ԲՀԿ-ի համար շատ հարցերի պատասխան է տրվելու:
Դժվար չէ ենթադրել, թե ինչպես է ծնվել այդ այցելությունը կազմակերպելու գաղափարը. Ծառուկյանին թագավոր հռչակած նրա մի քանի (թարմացված) կուսակիցները մտածել են ու որոշել, որ Մոսկվայում «Տարվա մարդ» տիտղոսին արժանանալուց հետո պետք է նաեւ արեւմտյան դաշտում երեւալ, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի: Եւ ահա ԵԽԽՎ պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությամբ կարող են կազմակերպված լինել որոշ հանդիպումներ Եվրախորհրդարանի եւ մյուս կառույցների պաշտոնյաների հետ: Եվրամիության հետ հանդիպումները հնարավոր է կազմակերպած լինի Վարդան Օսկանյանը կամ Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, որը ԲՀԿ-ական է: Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումը, բնականաբար, պլանավորել է ԲՀԿ-ական դեսպանը:
Եւ անզեն աչքով երեւում է, որ ԲՀԿ պատվիրակության այս այցն ավելի շատ ժամանցային բնույթ ունի: Ինչո՞ւ, որովհետեւ այդ պաշտոնական այցելությամբ ԲՀԿ-ն եւս 2-3 օր կարող է հետաձգել չարաբաստիկ որոշման մասին հայտարարությունը: Որոշում, որը կարծես թե բավական մեծ դժվարությամբ է կայացվում ԲՀԿ առաջնորդի կողմից կամ էլ ավելի վերեւից «դաբրո» տվողների «դաբրոն» է ուշանում: Այնպես որ, կարծել, թե նախագահ դառնալու «դաբրոյի» հետեւից է Ծառուկյանը Բրյուսել մեկնել, ամենեւին ճիշտ չէ:
Հիշեցնենք նաեւ, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ հնարավոր է՝ Ծառուկյանը Բելգիայից հետո մեկնի նաեւ ԱՄՆ: Սա արդեն ձգձգելու հերթական հնարքը կլինի, եւ բնավ զարմանալի չի լինի, եթե դեկտեմբերի 6-8-ին էլ խոստացված հայտարարությունը չհնչի: Այսքան սպասել ենք՝ թող մի քանի օր էլ սպասենք: Եւ այդպես շարունակ, բայց մինչեւ ե՞րբ:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ 3 նախագահները ձեռնպահ են մնում հայտարարություններ անելուց կամ գործողություններ իրականացնելուց: Բոլորը սպասում են Ծառուկյանի խոսքերին՝ համոզվելու, թե նրա որ խոսքն է գործ:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ ՉԴԱՐՁԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ