ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քթի պլաստիկ վիրահատությունից հետո, երբ առիթ ունեցա անձնագրով ներկայանալ Երեւանի բանկերից մեկը, հրաժարվեցին գործարք կատարել ինձ հետ՝ պատճառաբանելով, որ լուսանկարում պատկերվածը ես չեմ: Արդյոք անհրաժեշտ է փոխել անձնագիրը դեմքի որեւէ պլաստիկ վիրահատությունից հետո: Ի՞նչ օրենքով է դա կարգավորվում:

Կարինե Մանուչարյան (42 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո մարդը ոչ մի պարտականություն չունի՝ փոխել իր անձնագիրը: Դա իր իրավունքն է: Եթե մարդու դեմքն այն աստիճանի է փոխված, որ անձնագրի լուսանկարի հետ դժվար է համադրել, այդ դեպքում իր շահերից է բխում անձնագիրը փոխելը: Սակայն ոչ մի օրենք դա չի պարտադրում: Տվյալ դեպքում բանկի աշխատակիցը չի նույնականացրել լուսանկարն անձի հետ, դրա համար էլ պահանջել է անձը հաստատող լրացուցիչ տվյալ բերել:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների
վարչության պետ Հովհաննես Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեմքի եւ հատկապես քթի արժանիքներից բողոքելու իրավունք չունեցող հայերիս հանդեպ որքա՜ն մարդասեր է գտնվել օրենքը՝ չպարտադրելով որեւէ բան: Իսկապես, չէ՞ որ հայն ավելի շուտ իր «քիթը կկտրի», քան կվազի օրենքի հետեւից՝ անձնագիրը փոխելու: Բայց մի խորհուրդ, ամեն դեպքում, չի խանգարի. հայե՛ր, լա՛վ տնտղեք ձեր վիրահատած քիթը հատկապես այլ երկրի սահմանն անցնելու ցանկությունից առաջ. մեկ էլ տեսաք՝ սահմանապահը եւս կասկածեց, թե այն ձերն է:




Լրահոս