Հայաստանի էներգետիկ համակարգի շուրջ վերջին երկու ամիսներին բարձրացած աղմուկը կարծես սկսել է մարել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկա առնվազն երեք ամիսներին սպառողի համար էլէներգիայի սակագինը չի բարձրանա, մյուս կողմից էլ՝ բոլորը սպասում են, թե ինչ կարձանագրի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտը:
Բազմիցս արդեն նշվել է, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի արդյունքում պետք է ստուգվի ընկերության ֆինանսական վիճակը: Այլ կերպ ասած՝ աուդիտի արդյունքում պետք է պարզվի, թե որքանով են հիմնավոր այս կամ այն ծախսերը: Բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ ՀԷՑ-ում ստեղծված վիճակի հիմնական պատճառն ընկերության էլէներգիայի կորուստների բարձր մակարդակն է: Մասնավորապես, ՀԷՑ-ի հաշվարկներով իրենց ընկերության կորուստներն առաջիկա մեկ տարում կազմելու են մոտ 800 մլն կՎտ կամ ընդհանուր սպառված էլէներգիայի 12,4 տոկոսը:
Կորուստները երկու պատճառ ունեն՝ առաջինը բնական, այսինքն՝ իրական կորուստներն են, որոնք պայմանավորված են էլէներգիայի բախշման ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող համակարգի գործունեությամբ, մյուսը էլէներգիայի գողության արդյունքում է:
Մենք կոնկրետ օրինակով անդրադարձել էինք էլէներգիայի գողության տեսակներից մեկին: Մասնավորապես ներկայացրել էինք կոնկրետ փաստ այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանի մեկ թաղամասի բնակչության մեծամասնությունը էլէներգիան ստանում է առանց պայմանագրի եւ դիմացը վճարում կանխիկով` ինչ-որ անհատի:
Սակայն Հայաստանում բոլորը գիտեն, որ գոյություն ունի էլէներգիայի գողության մեկ այլ տարբերակ եւս, երբ սպառողը համաձայնության է գալիս, այսպես կոչված, «էլեկտրիկի» հետ եւ պաշտոնապես վճարում է իր սպառած էլէներգիայի մի մասի դիմաց: Իսկ չձեւակերպված, բայց սպառած էլէներգիայի համար բաժանորդը կանխիկով վճարում է «էլեկտրիկին», իհարկե, իրական արժեքից զգալի պակաս գումար: Սպառված, բայց պաշտոնապես չգրանցված էլէներգիան վերջնահաշվարկում ձեւակերպվում է որպես կորուստ, եւ փաստացի ստացվում է, որ դրա համար վճարում են մյուս` բարեխիղճ բաժանորդները:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս սխեմայով հոսանք են ստանում ինչպես ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, այնպես էլ ձեռնարկությունները: Այս լուրերը հաստատել կամ հերքել կարող են միայն իրավապահները: Ավելին՝ այս դեպքում սովորական գործ հարուցելով եւ ՀԷՑ-ի աշխատակիցներին հարցաքննելով՝ խնդիրը չի կարող լուծվել, քանի որ սխեմայի մեջ ներառված երկու կողմերին էլ ձեռնտու է, որ «հոսանքի գողությունը» չբացահայտվի: Այսինքն՝ «էլեկտրիկը» կարող է ասել, որ սուտ է, իր սպասարկած տարածքում էլէներգիայի գողություն չկա, եւ դրանով ամեն ինչ կավարտվի:
Վերը բերված սխեմայով էլէներգիայի գողությունը բացահայտելու համար անհրաժեշտ է, որ իրավապահների խմբում լինեն էներգետիկայի ոլորտի լրջագույն մասնագետներ, որոնք ըստ կորուստների՝ կարողանան բացահայտել, թե որ ուղղություններում են դրանք չհիմնավորված: Այլ կերպ ասած՝ մասնագետը պետք է ի վիճակի լինի ասելու, թե կորուստի թիվը էներգամատակարարման տվյալ ուղղության տեխնիկական վիճակի հետ համադրելով՝ այդտեղից որքան հոսանք է գողացվում, որից հետո արդեն, ըստ կորուստի քարտեզի, իրավապահները պետք է պարզեն, այսպես կոչված, «ձախ միացում» ունեցող բաժանորդներին: Սակայն նման քննություն ծավալելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունների մոտ նման ցանկություն լինի: Իսկ Հայաստանի իշխանությունները հաստատ նման ցանկություն չեն կարող ունենալ, քանի որ եթե որեւէ ձեռնարկություն կարող է վերը բերված սխեմայով էլէներգիա օգտագործել, ապա դրանք հենց նույն իշխանավորների ձեռնարկություններն են: Այլ կերպ ասած՝ երբ բիզնեսը եւ քաղաքական իշխանությունը նույնական են, կոռուպցիան եւ տարբեր տեսակի թալանների սխեմաներն այլեւս անարգել են գործում, քանի որ փաստացի չի կարող լինել որեւէ մի մարմին, որն ի վիճակի կլինի այդ ամենի դեմ պայքարել, բացահայտել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Այսինքն՝ էներգետիկայի համակարգում առկա թալանը կարող է դադարեցվել միայն իշխանափոխության, բիզնեսը եւ քաղաքական իշխանությունը իրարից տարանջատելու դեպքում միայն:
Հ.Գ. Ի դեպ, ՀԷՑ-ից փորձեցինք մեկնաբանություն ստանալ «էլեկտրիկ»-սպառող համաձայնությամբ էլէներգիայի գողությունների լուրերի վերաբերյալ, սակայն մեզ պատասխանեցին, որ միայն կոնկրետ փաստ ներկայացնելու դեպքում իրենք կարող են պարզաբանումներ տալ եւ իրենց տեսակետը հայտնել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
Արդեն մի քանի օր է` բենզինի գինը Հայաստանի բենզալցակայաններում 10 դրամով թանկացել է: Երեկ փորձեցինք ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից պարզել, թե արդյո՞ք իրենց կառույցը վերահսկում է բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումները, եւ որքանո՞վ են հիմնավոր թանկացումները: «Հանձնաժողովի կողմից կատարված գնագոյացման մի շարք հաշվարկները ցույց են տալիս, որ բենզինի շուկայում գործող երկու խոշոր ընկերությունների («Ֆլեշ» ՍՊԸ եւ «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ) վարքագիծը հիմնականում համապատասխանում է ծախսային հոդվածների փոփոխություններին՝ ինչպես գների բարձրացման, այնպես էլ նվազման դեպքում»,- ասաց Գայանե Սահակյանը: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը նաեւ հաստատեց, որ իրենց հանձնաժողովի ուսումնասիրություններով եւս հաստատվել է, որ բենզինի գինը բարձրացել է: «Ներկայումս Հանձնաժողովը շարունակում է հետեւել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին եւ գների բարձրացման միտումները շարունակվելու դեպքում Հաձնաժողովն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- ասաց Գայանե Սահակյանը: Մի խոսքով, ինչպես միշտ, Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը դիտորդի դերում զբաղվում է փոփոխությունների արձանագրմամբ: Ու պարզ չէ, թե ինչի համար է նա վարձատրվում ընդհանրապես՝ Ֆլեշի քմահաճույքները կատարելո՞ւ:
ԹԱՐՍ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խիստ նկատողություն է տվել Լանջառ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Մարտին Պողոսյանին: Պատճառը եղել է այն, որ դպրոցի տնօրենը ոչ պատշաճ է կատարել ուսումնական պլանի պահանջները, եւ դպրոցն անբավարար սանիտարական վիճակում է գտնվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարտին Պողոսյանն ասաց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, որ մարզպետի կողմից ինքը նկատողության է արժանանում: «Ուղղակի այդ օրը թարսի պես թերություն կար, բայց այդպես ամեն օր չի լինում»,- ասաց տնօրենը:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել: Փետրվարի 12-ին այն ժամանակ դեռեւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 100 հազար դոլար է խոստանում դեպքի բացահայտման համար արժեքավոր տեղեկություն հայտնողին: «Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձում է պարզել՝ արդյոք խոստումը «ուժի» մեջ է: Մեզ հաջողվեց հարցը Տոնոյանին փոխանցել: Արդեն մի քանի օր է անցել, բայց այդպես էլ չի հաջողվում նրանից ստանալ մեր հարցի պատասխանը: Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այս գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նշենք, որ Զալբերը երեկ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ, իսկ դրանից առաջ էլ ԵՄ պաշտոնյային ընդունել էր ԱԳ գործող նախարար Է. Նալբանդյանը:
ՄԵԿՕՐՅԱ ՀԱՑԱԴՈՒԼ
Ազատության հրապարակում հացադուլ անող Դավիթ Սանասարյանին երեկ միացել են նաեւ Բաղրամյան պողոտայում ցույցերի ակտիվ մասնակիցներ 19-ամյա Գոռ Կարապետյանը, Աշոտ Շահնազարյանը, Ռոման Գալստյանը եւ 18-ամյա Սերյոժա Խաչատրյանը: Երիտասարդները որպես հացադուլի վերջնաժամկետ են նշել այսօր հայտարարված հանրահավաքի մեկնարկը։
ՎԱՂԻՆԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թող լինեմ ձեր ասածով դավաճան, ծախված, ռեժիմի հետեւը պահող, Միշիկի պռոեկտ, Չեխիայում պատրաստված լրտես, բայց…
Փաստ է 2 բան՝
1. Օգոստոսի 1-ից ոչ ոք չի վճարելու հոսանքի դիմաց 6.93 դրամ ավելի
2. Հարուցվել է քրգործ 23-ի ապօրինի գործողությունների հետ կապված»:
ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոնդոնում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ: Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ նշելով, որ «հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Ղարաբաղի զարգացման ու զորացման գործին»:
ԱՆՁՐԵՎ ԿԳԱ
Հուլիսի 09-10-ին հյուսիսային շրջաններում, 11-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 09-10-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-ին կնվազի 2-3 աստիճանով: