«Մենք անընդհատ քննադատվում ենք: Այո՛, գուցե սխալ ենք անում: Բայց անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք քաղաքական նպատակ ու շահ չունենք, մեր շահը երկիրը մաքրելն է»,- երեկ ասել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը` հակադարձելով այն մեղադրանքներին, թե շարժումը հետեւողական չեղավ, իջեցրեց պայքարի նշաձողը, պառակտվեց եւ չկարողացավ հասնել գլոբալ արդյունքի:
Առհասարակ, այս օրերին ով չի ալարում, իր պարտքն է համարում քննադատել Բաղրամյան պողոտայի շարժման կազմակերպիչներին` սկսած առաջին շաբաթվա համակարգողներից` ի դեմս «Ոչ թալանի» նախաձեռնության, ավարտած նրանց փոխարինած նոր համակարգողներով: Եթե առաջիններին մեղադրում են իշխանությունների ճնշումներին տեղի տալու եւ արդյունքում շարժումը պառակտելու մեջ, ապա երկրորդ խմբի մեղքը համարվում է կազմակերպչական ապիկարությունն ու շարժման մարումը կանխելուն ուղղված քայլերի բացակայությունը:
Թե որքանով են տեղին նման մեղադրանքները կոնկրետ դեպքերում, դժվար է ասել, սակայն փաստ է այն, որ դեռ հունիսի 18-ին՝ «Ոչ թալանին»-ի նախաձեռնած նստացույցից մեկ օր առաջ, սակայն արդեն ՀԾԿ հանձնաժողովի` հոսանքը 6,93 դրամով թանկացնելու որոշումից մեկ օր հետո, որեւէ մեկը չէր սպասում, որ կլինի ընդվզման նման հզոր ալիք: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը իրենց գործն ավարտած էին համարում` հունիսի 12-ին Աժ ուշացած, ոչինչ չտվող եւ ձեւական լսումներին մեկական հարց հնչեցնելով, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ, առհասարակ, համապատասխան կենդանու ականջում քնած` առավելագույնը մամուլում հանդես էր գալիս «էս երկիրը երկիր չի», «ուրիշ ինչ պետք է սպասեինք Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմից» եւ նմանատիպ բովանդակությամբ մտազեղումներով:
Եվ երբ մի խումբ երիտասարդներ կոտրեցին այդ անտարբերության եւ համակերպվածության պատը եւ, ի վերջո, հասան աննախադեպ մի լուծման, երբ իշխանությունը թեկուզ ոչ լիարժեք, սակայն որոշակի զիջման գնաց, անգործության մատնված վերը նշված բոլոր քաղաքական ուժերն ու տարբեր կիսաքաղաքական նախաձեռնությունների անդամները մեկեն սկսեցին հարձակվել շարժման վրա, թե «ինչու իշխանափոխություն չարեցիք», «եթե իշխանափոխություն չեք արել, ուրեմն ձախողվել եք» եւ այլ նման մեղադրանքներով:
Ընդ որում, այս հարցում առանձնապես աչքի են ընկնում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները, որոնք ապրիլի 24-ից հետո, չգիտես ինչու, որեւէ ակտիվ քայլով չեն փորձում հասնել իշխանափոխության:
Այնպես որ, պետք չէ ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման այս շարժումից պահանջել երկրում առկա բոլոր խնդիրների լուծումը: Երիտասարդներն այդքան են կարողացել, այդքան են արել: Եթե այդ բոլոր քաղաքական ուժերն իրենք կարող են անել ավելին, ապա նրանց ոչինչ չի խանգարում: