Բոլոր հարցերը լուծվեցին, հերթը հասավ ՀՀ դրոշին: Մարքեթինգով զբաղվող «Բրեինդ» ընկերությունը մշակել է ՀՀ դրոշի նոր տարբերակ, որի լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցի միջոցով:
«Բրեինդ» ընկերության բրենդինգի բաժնի ղեկավար Կարեն Բաբաջանյանից տեղեկացանք նոր դրոշի գույների խորհուրդի մասին. «Ծիրանագույնը խորհրդանշում է հային բնորոշ աշխատասիրությունը, որը բերքատվության, նոր արժեքի ստեղծման եւ պետության առաջընթացի հիմքն է:
Մանուշակագույնը խորհրդանշում է Արտաշեսյանների թագավորական Հայաստանի դրոշը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արեւելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ Տիգրան Մեծի օրոք հասել իր հզորության գագաթնակետին:
Սպիտակ խաչը խորհրդանշում է Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն ու վերջնական հաղթանակի ամրագրումը: Ընդ որում, ռազմական գործողությունների ընթացքում սպիտակ խաչը պատկերված էր թե՛ զինվորների թիկունքին եւ թե՛ ռազմական տեխնիկայի վրա, որն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում:
Դրոշի անկյունային հատվածի խաչը խորհրդանշում է Հայաստանի պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ քրիստոնեության ընդունումը: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպը եւ դարձավ պետականորեն քրիստոնեությունը ճանաչած առաջին երկիրն աշխարհում:
Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի Հանրապետության նոր դրոշի լայնության եւ երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշը:
ՀՀ նոր դրոշը ստեղծողները պնդում են, որ այն երկրները, որոնք եռագույնի փոխարեն օգտագործում են պատկերներ, առավել տպավորիչ են եւ տարբերակման համար բավականաչափ պարզ: Օրինակ` Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան եւ արդեն կարող ենք նշել` Վրաստանը:
Հստակ դիրքավորում ունենալու համար հարկավոր են հստակ գաղափարներ, իսկ հաղթանակները, խաղաղ երկինքը եւ արարչական տաղանդն իրենց առանձնահատկություններով հատուկ են գրեթե բոլոր ազգերին:
Դիտարկումները ցույց են տալիս, որ կարմիր, կապույտ, կանաչ եւ նարնջագույն գույները շատ հաճախ զուգորդվում են հարավամերիկյան կամ աֆրիկյան հետամնաց երկրների հետ եւ էապես տարբերվում են զարգացած երկրների գունային կարծրատիպերից: Բացի այդ, ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի ձեւափոխված տարբերակում եռագույնը նախկինի պես այլեւս չի օգտագործվում:
Գիտակցում ենք, որ նախագիծ-առաջարկը կարող է ոչ միանշանակ արձագանքներ ունենալ եւ շատերի կողմից չընդունվել, սակայն այն զուտ մասնագիտական, ստեղծագործ աշխատանքի արդյունք է եւ նպատակ չի հետապնդում ստվեր գցել կամ վարկաբեկել բոլորիս համար հոգեհարազատ դարձած պետական խորհրդանիշը: Նպատակն է այն ավելի ազդեցիկ, տպավորիչ եւ ճանաչելի դարձնել»:
Նոր դրոշի գաղափարը չի ողջունել նաեւ երգահան Սրբուհի Ստամբուլցյանը. «Ճիշտ է, մեր դրոշը դիզայնի տեսանկյունից, գույների համադրությամբ այդքան էլ գուցե հաջողված չէ: Մեր քթերն էլ այդ տեսանկյունից հաջողված չեն, մեծամասնությանս մարմիններն էլ. եկե՛ք ազգովի գնանք վիրահատության: Մեր լեզուն լավը չէ՝ արդեն փոխել ենք. պարզ չէ՝ ինչերեն ենք խոսում, բայց արդեն լատինատառ ենք գրում: Մեր երաժշտությունը բարդ է, կլկլոցներ չունի, հեշտ չի հիշվում՝ անցել ենք սրտահոգեճմլտիկ քրդա-արաբա-թուրքականին: Մեր պարերը անհետաքրքիր են՝ երեխաներին «լատինո»-ի ենք տանում: Մեր ճարտարապետությունը լավը չէ՝ մերը քանդեցինք, տեղը եվրոպական պարզ չէ ինչ կառուցեցինք: Մեր անունները լավը չեն. ռուսներն ու ամերիկացիները չեն կարողանում արտասանել, արդեն ամոթ է, հո գեղցի չենք՝ նորերն արդեն եվրոպական անուններով են: Մեր եկեղեցին անհավատների, թալանչիների բույն է՝ հոգեւոր մեծ ու բազմատեսակ, անհիմք ու անհասկանալի, ավելի ճիշտ լավ էլ հասկանալի, կրոնական հեղափոխություն ենք սկսել: Էլ ինչ կա հայկական՝ եկե՛ք միանգամից ամեն ինչ փոխենք ու պրծնենք: Եվ առհասարակ, էս ո՞ր դարն է, ի՞նչ ազգ, ի՞նչ կրոն, ի՞նչ ինքնություն՝ կեցցե կոսմոպոլիտիզմը…»:
Հ.Գ. «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին: 2005թ. նոյեմբերի 27-ին անցկացված ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո՝ 2006թ. հունիսի 15-ին, ընդունվեց «ՀՀ դրոշի մասի» նոր օրենքը: Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է: Այն եռագույն է` վերեւից ներքեւ ձգվող կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի տակ ապրելու կամքը: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի:
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՀՀ ԴՐՈՇԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ