Oգոստոսի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի միջև կապի և տեղեկատվական տեխնոլգիաների բնագավառում համագործակցության հարցեր:
Նախարար Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Դեսպան Թումանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում և ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:
Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունը հայտնեց ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաև հավելեց, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով: