«Եթե մենք ուշադրություն դարձնենք 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին, կտեսնենք, որ բազմաթիվ պրոցեսներ, բացասական բնույթի զարգացումներ ուժգնացել են, մասնավորապես գերտերությունների ամբիցիաներն են ուժեղացել, արևմուտք-արևելք հակամարտությունն է սրվել, ֆինանսական հոսքերն են դեֆորմացվել, միգրացիոն ոչ օրինական երևույթներն են ուժեղացել և այլն»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով համաշխարհային տնտեսական շուկայում առկա լարվածությանն ու Հայաստանի տնտեսությոն վրա դրա ազդեցությանը` ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով` այս ամենն իր բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն համաշխարհային տնտեսական շուկայի, այլև` Հայաստանի տնտեսության վրա:
«Մեր երկիրը, լինելով ոչ մեծ երկիր, չունենալով ստրատեգիական բնույթի ռեսուրսներ, ըստ էության, մեծ օվկիանոսում գտնվում է շատ խոցելի վիճակում»,-նշեց նա` հավելելով. «Այդ պարագայում բոլոր տիպի կտրուկ վայրիվերումները ուղղակիորեն ու մեծապես արտացոլումն են ստանում ՀՀ վրա»:
Ըստ Բոստանջյանի` ամեն ինչն ավելի ցցուն տեսնում ենք ֆինանսական շուկայում՝ դրամի արժեզրկման հետ կապված: «Պետք է նաև գիտակցել, որ արժույթից բացի` Հայաստանում և´ տնտեսական համակարգի, և´ կառավարման համակարգի առումով գոյություն ունի ամենազանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող բնույթի մոմենտներ, որոնց համար կառավարումը դարձել է չափազանց դժվար և խոցելի, հատկապես այսպիսի երկրների համար»,-հավելեց նա:
Տնտեսագետի փոխանցմամբ` Հայաաստանն այս պահին ունի 2 տրիլիոն դրամը գերազանցող վարկային պորտֆել, որի 60 տոկոսից ավելին արտարժույթով է՝ դոլարով: «Եթե մասնագետ էլ չլինես, հարց է առաջանում ՝ ինչի՞ համար ես դու դոլար պահում, եթե քո արժույթը դրամն է: Նշանակում է, որ որոշում կայացնողների համար ամենայն հավանականությամբ նման մոտեցումը ցանկալի է, որովհետև խիստ դեվերացվածության պայմաններում որոշ սարսափելի փոքր թվով շահ ունեցողների համար նպատակահարմար է դոլարային ծածկույթ ունենալու հանգամանքը»,-իր խոսքում նշեց Բոստանջյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանն ուզի թե չուզի իր բոլոր ադյունավետ և ոչ արդյունավետ կապերը իրականացնում է ՌԴ-ի հետ: «Ինչքան մենք առնչված ու շփված լինենք ՌԴ հետ, այնքան այնտեղ տեղի ունեցող վայրիվերումները ու բացասական զարգացումները կազդեն մեր տնտեսության վրա»,-եզրափակեց նա: