Կամ դուք խաբեբա եք, կամ Վենետիկում կարդալ չգիտեն. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդարանական լսումներին այսօր մասնակցում է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նաև հանդես եկավ հարցով: Նա նախ նշեց, որ իրենք մերժում են բարեփոխումների գործընթացը:

Զուրաբյանն ընդգծեց, որ ինքն այս օրերին հասցրել է ընթերցել մոտ 20 երկրների Սահմանադրություններ, և իր համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանի Սահամանդրության այս նոր նախագծում վարչապետին չի առաջադրում ՀՀ նախագահը: Նա նշեց, որ իր ընթերցած  բոլոր Սահմանադրություններում չկա մեկը, որով հանրապետության նախագահը չունենա լիզորություն՝ առաջադրելու վարչապետին։

Նա նաև նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականների և նոր Սահմանդրության դրույթների միջև վարչապետի նշանակման մասով հակասություններ է նկատել։

«Ուրեմն իր կարծիքի 135-րդ կետում Վենետիկի հանձնաժողովը բառացիորեն գրել է հետևյալը՝ այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տվել կամ նրա տեղը թափուր է, նախագահը պետք է խորհրդակցի խորհրդարանական խմբակցությունների հետ և առաջադրի թեկնածու։ Հիմա կա՛մ դուք խաբեբա եք, Հայաստանի իշխանությունները խաբեբա են և ներկայացրել են կեղծ թարգմանություն առաջին տարբերակում, կամ Վենետիկում ուղղակի կարդալ չգիտեն»,-ասաց  Զուրաբյանը։

«Դուք առանց որևէ փաստարկներ, հիմնավորումներ բերելու ենթադրություն եք անում, որ ներկայացված է կեղծ թարգմանություն։ Եթե Դուք բարի լինեիք, նայեիք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական վեբ-կայքը, դուք կնկատեիք այն թարգմանությունը, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին մինչև այդ հանձնաժողովի կողմից 2015 թվականի հուլիսի 30-ին գրված առաջին, նախնական տեքստը», – ի պատասխան նշեց Պողոսյանը:




Լրահոս