Ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ անդամները ոչ միայն մեր անվտանգության երաշխավորը չեն, այլև հիմնական սպառնալիք են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, թե իբր Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցությունը մեր պետության անվտանգության ապահովման համար է: ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ կետը սահմանում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»:

Ինչպես հայտնի է՝ վերջին երկու շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար հրետակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայաստանից բացի՝ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Մինչ օրս ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ անդամ երկրները ծպտուն անգամ չեն հանել Հայաստանի տարածքը հրետանակոծելու առնչությամբ:

Այսպիսով, հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ դրա անդամները ոչ միայն մեր անվտանգության երաշխավորը չեն, այլեւ նույնիսկ հենց նրանք կարող են հիմնական սպառնալիքը լինել: Մի երկիր, որը իրեն դաշնակից է հռչակում, իսկ հաջորդ քայլին թշնամուդ 5 միլիարդ դոլարի զենք է վաճառում, ինչպե՞ս կարող է անվտանգության երաշխավորը լինել: Այսքանից հետո որեւէ բանական մարդ չի կարող իրեն թույլ տալ եւ հայտարարել, որ ՀԱՊԿ-ը կամ դրա անդամները Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարող են մատը մատին տալ: Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք:

Հ.Գ. Սեպտեմբերի 15-ից ՀԱՊԿ նախագահումը ստանձնելու է Հայաստանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս