Մենք՝ լրատվամիջոցներս ենք մեղավոր, որ Վահան Մարտիրոսյանն ակտիվիստ հռչակվեց, իսկ իրավապահներն էլ հանձնեցին նրան Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի համար խայտառակ իրադարձություն է տեղի ունենում: Մի շարք ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների շնորհիվ կարճ ժամանակում հայտնի դարձած ինքնահռչակ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը գնաց, հանձնվեց մեր հարեւան, բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանին եւ Բաքվում հանդես է գալիս մամուլի ասուլիսով:

Ո՞վ էր Վահանը. նա ինքն իրեն խիստ հայրենասերի տեղ էր դրել, պայքար էր ծավալում՝ անհասկանալի լոզունգներով: Հետո տեսավ, որ չի ստացվում,«հարմար օբյեկտ» փնտրեց ու հայտարարեց, թե իրեն ու կնոջը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը թիկնապահների հետ ծեծի է ենթարկել: Բայց չկարողացավ ապացուցել կատարվածը, քանի որ ստում էր: Հետո էլ գնաց, իբրեւ թե ապաստանեց իր ծանոթներից մեկի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունու տանը, նրանից գողացավ 3820 ԱՄՆ դոլար ու փախավ:

Որտե՞ղ էր գլխավոր դատախազը

Այստեղից սկսվում է հետաքրքիրը: Սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն հրապարակեց, որ Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն, որի համար նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում): Հայտարարվեց նաեւ, որ Վահանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Թե ինչու էին քննիչներն այդքան հոգատար իրեն ակտիվիստ հռչակած, հոգեբուժարանում հաշվառված այս երիտասարդի նկատմամբ, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ կասկածելի գործարքների մեջ մտնող քննիչները վախեցել էին աղմուկից, որ կարող էր բարձրանալ հերթական լածիրակ ակտիվիստին կալանավորելուց հետո: Ուշագրավ էր, որ չափազանց սկզբունքային պաշտոնյա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ լուռ համաձայնել էր Վահանին ազատ արձակելու որոշման հետ (իսկ իրենց տան բակում հարեւանի հետ բարձր ձայնով զրուցած որեւէ մեկին վաղուց ճաղերի ետեւն էին ուղարկել արդարությունը վերականգնելու դատարկ հիմնավորումներով):

Ընդունում ենք մեր մեղքը

Իհարկե, աղմուկի մասով իրենց մեղքի բաժինն ունեն ոչ միայն լրատվամիջոցները, այսինքն՝ նաեւ մենք, որ ամեն հերոսանալու փորձի հավատում ենք ու որպես հալածյալ ներկայացնում, այլեւ ոչ պրոֆեսիոնալ կայքերը, որոնք սեփական միտք ի վիճակի չեն արտադրել եւ զբաղված են գրագողությամբ, դատարկամիտ ասուլիսներ լուսաբանելով: Այս իրավիճակին նպաստում են նաեւ օրեցօր ծլող ու դաշտից վերացող ակտիվիստները, լուրջ ու անլուրջ գրանտակերները, իրենց քաղաքական գործիչ հռչակածները, որոնք հաճախ օրվա հերոս են պատկերացնում եւ հրաժարվում քաղաքական մեկնաբանություններ տալուց՝ ազատ դաշտ բացելով ամեն դուրսպրծուկի համար: Դե, համացանցն էլ այս օրերին ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին: Արդյունքում ունենք անվերահսկելի ու տրամաբանության որեւէ կանոնի չենթարկվող իրավիճակ, որտեղ կարող են ինքնադրսեւորվել բոլորը, ովքեր առաջինը կկարողանան պաթոսով ստատուս գրել կամ առավել բարձր հայհոյել՝ ընդ որում, կարեւոր չէ, թե ում:

Քննիչը օժանդակեց Վահանին` փախչելու

Բայց հիմա կարեւորի մասին. որտե՞ղ էին հայրենի իրավապահները, սահմանապահները, որ հնարավորություն տվեցին հետախուզման մեջ գտնվող, երկրից չբացակայելու ստորագրություն տված քաղաքացուն դուրս գալ Հայաստանի սահմաններից:

ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դա իրենց գործառույթը չէ, եւ պետք է դիմենք այլ իրավապահ կառույցների: Բնականաբար, դիմեցինք ՀՀ ԱԱԾ-ին, որտեղից ասացին, թե այդ հարցով զբաղվում են, լրացուցիչ տեղեկություն կհայտնեն: Թե ում է պետք նրանց ուշացած զբաղմունքը: Ժամանակին էր պետք ուշադիր լինել. չէ՞ որ Վահան Մարտիրոսյանի արարքների մասին լրատվամիջոցները բավականին ակտիվ լուսաբանում էին. ջայլամի պես ոչինչ չտեսնելը դժվար թե ԱԱԾ-ին օգնի այս խայտառակությունից ձերբազատվել:

Ժամկետնանց հետախուզում

Իսկ ի՞նչ էր անում ՀՀ ոստիկանությունը, որը ամենաակտիվներից է համացանցում եւ օպերատիվ արձագանքում է յուրաքանչյուր անհեթեթ գրառմանն անգամ: Այս կառույցից  «Ժողովուրդ»-ին հայտնեցին հետեւյալը. «Սեպտեմբերի 9-ին քննիչի կողմից կայացվել է որոշում Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ ձեռնարկված օպերատիվ փնտրողական միջոցառումներով պարզվել է, որ նա դեռեւս 5 օր առաջ արդեն լքել է երկիրը»: Այսպիսով, պաշտոնական տեղեկության հիման վրա կարելի է եզրակացնել, որ Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի քննիչները մի քանի հազար դոլար գողություն իրականացրած մարդուն, երբ ստորագրությամբ ազատ են արձակել, համապատասխան կառույցներին չեն էլ զգուշացրել այդ մասին, իսկ երբ որոշել են նրան հետախուզել (ընդ որում, խափանման միջոց ստորագրությունը կրկին չվերացնելով), այդ ժամանակ արդեն Վահանը հասցրել է փախչել երկրից: Հետաքրքիր է, թե ինչու է քննչական կոմիտեն այս խայտառակության պատասխանատվությունն իր վրայից գցում՝ հղում անելով այլ կառույցների:
Նկատենք, որ իրավապահ կառույցներն, ընդհանրապես, պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելով իսկական «բարդակի» են վերածել այդ ոլորտը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունին պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ բողոք ներկայացնել՝ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան մեկնելու առիթով: Պարզում է՝ Ռուզաննա Մարգունին քննիչներին հայտնել է, որ Վահանի կինը գնացել է իր տուն եւ խնդրել ոստիկանության դիմումը հետ վերցնել՝ խոստանալով հափշտակած գումարը տալ: Եւ քննիչները տեղյակ լինելով այս մասին՝ նրանց չեն կալանավորել: Ու, ընդհանրապես, Մարգունու դիմումին նրանք մատների արանքով են նայել, ոչ պրոֆեսիոնալ են մոտեցել, ինչի արդյունքում Վահանը հասցրել է ճողոպրել: Իսկ ո՞վ է վերադարձնելու տիկնոջից գողացված գումարը:

Թամարա Միքայելյան

Ժողովուրդ օրաթերթ




Լրահոս