Շուշան Դոյդոյանի վերելքն ու անկումը. ինչպես է նա չինովնիկների բարեկամը դառնում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուշան Դոյդոյանի ղեկավարած «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» լրագրողներին պաշտպանող հասարակական կառույց է։ Համենայնդեպս, այսպես է համարվում։ Մյուս կողմից, սա չինովնիկներին մրցանակներ տվող մարմին է. լավ չինովնիկները բաց աշխատելու համար խրախուսվում են՝ Դոյդոյանից «ոսկե բանալի» են ստանում, իսկ «փիս» չինովնիկները, ովքեր փակ են աշխատել, «ժանգոտ կողպեք» են ստանում։ Եվրոպական գրանտատու կառույցների լեզվով սա կոչվում է արդյունավետ գործակցություն, երբ լրագրողը դադարում է պայքարել չինովնիկի դեմ եւ նրան գործընկեր է դարձնում՝ բարի ու ազնիվ։

Սեպտեմբերի 28-ին Շուշան Դոյդոյանի կազմակերպությունը հերթական մրցանակաբաշխությունն անցկացրեց։ Նա ընդամենը մեկ «ժանգոտ կողպեք» նվիրեց՝ Արմավիրի քաղաքապետարանին։ Իսկ բյուրոկրատական էլիտան «չաղ-չաղ» «ոսկե բանալիներ» ստացավ։ Կառավարության աշխատակազմը պարգեւատրվեց՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, որոնք նիստերի օրերին երբեք չեն հայտնվում կառավարության շքամուտքի դիմաց՝ լրագրողների տեսադաշտում։ Առհասարակ, կառավարության աշխատակազմը խորամանկ եւ լրագրողներին ստորացնող համակարգ է ստեղծել, որի պարագայում նախարարներից ով ուզում է, կարողանում է ետնամուտքով բարեհաջող ծլկել նրանցից։ Բայց Վաչե Գաբրիելյանը Դոյդոյանի կազմակերպության սիրելի դեմքերից է, հաճախ է ներկա լինում նրա մրցանակաբաշխություններին։ Շուշան Դոյդոյանը պարգեւատրեց նաեւ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, որը, պարզվում է, «տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչն» է։ Ափսոս, որ ակտիվ լրատվությամբ զբաղվողներս չենք նկատել դա։ Դե արի ու մի մտածի, որ ԱՆ պաշտոնյային մրցանակ շնորհելով,  ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող  Դոյդոյանն այս կառույցի հետ հարաբերություններ է հարթում։ «Ոսկե բանալիներ» ստացան նաեւ Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, որը, որպես քաղաքապետ, խայտառակ փակ էր աշխատում մամուլի  հետ եւ այժմ էլ 100 օրից ավելի է, ինչ աշխատում է, բայց լրագրողների հետ «առերեսում» դեռ չի ունեցել։ «Ոսկե բանալու» մյուս հերոսը գյուղնախարարության կայքի պատասխանատու, փոխնախարար Արմեն Հարությունյանն է, որն իր կայքի բոլոր նյութերում «ճպպացրել» է շեֆի՝ նախարար Սերգո Կարապետյանի պատկերը։ Բանալու արժանացավ նաեւ «Ազատություն» ռադիոկայանը, որը չնայած առաջնակարգ լրատվամիջոց է, բայց հայտնի է, որ ԱՄՆ պետական խողովակներից է ֆինանսավորվում, եւ տեղեկատվության համար պայքարն էլ նրա համար շատ ավելի հեշտ է իրականացնել, քան հայրենական ԶԼՄ-ներին։

Իսկ 2003 թվականին, երբ առաջին անգամ Դոյդոյանն անցկացրեց մրցանակաբաշխություն, ընդամենը 6 «բանալի» հանձնեց։ Ստացողների թվում էին ընդդիմադիր լրագրող Հայկ Գեւորգյանը, «Հետքը», որը դեռ երկու տարեկան էր։ 2004-ին Երեւանի քաղաքապետարանը «ժանգոտ կողպեք» ստացավ, եւ բոլորս համամիտ էինք, որ արժանի է, քանի որ քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք այս կառույցից մի թուղթ ստանալու համար դժոխքի 7 շրջաններով էինք անցնում։ «Ոսկե բանալիներն» էլ դեռ այդքան չէին էժանացել։ Երեք «բանալի» տրվեց՝ մեկ գերատեսչության, լրագրող Նաիրա Բուլղադարյանին եւ Արթուր Սաքունցի կազմակերպությանը, որը «ոսկե բանալի» ստացավ նաեւ 2006-ին։ 2005-ին «ժանգոտ կողպեք» ստացավ կրկին Երեւանի քաղաքապետարանը, ապա՝ «Արմենթելը», ինչը կրկին չորրորդ իշխանավորների սրտով էր։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այդ ժամանակ դեռ հետեւողական էր փակ գոտիների դեմ իր պայքարում։ Բայց պարգեւատրվողների մեջ չինովնիկների թվաքանակը տարեցտարի ավելանում էր, իսկ ընդդիմադիր եւ ազատ   լրատվամիջոցներինը՝ նվազում։   2008-ին, հասարակական բուռն ընդվզումների տարում, ընդամենը մեկ ԶԼՄ պարգեւատրվեց՝ «Երկիր Մեդիան»։ Ընդդիմադիր լրագրողների մասին այլեւս խոսք չկար։ 2010 թվականին արդեն ՀՀ կառավարությունը, Լիսկայի քաղաք Գորիսը, «վախվորած» TV Հ2-ն են մրցանակներ ստանում եւ տեղեկատվության ու խոսքի ազատության էտալոններ համարվում։ Հաջորդ տարի՝ ՀՀ կրթության եւ գիտության, արդարադատության նախարարությունները, Կոտայքի մարզպետարանը՝ արդեն երկրորդ անգամ։ Լրագրողներից Արման Ղարիբյանն էր միայն եւ մի երկու գրանտային կայքեր, հայրենական դաշտում եղանակ չստեղծող։ 2012-ի մրցանակաբաշխության ժամանակ խորհրդանշական իրադարձություն եղավ, առաջին հայացքից՝ աննշան։ Նախարարություններից մեկին տրվող «բանալին» ընկավ գետնին ու ջարդվեց։ Երեւի սա պետք է նշան դիտվեր, որ հարկ է բաց թողնել նախարարությունների պոչը եւ վերադառնալ ազատ մամուլի խրախուսման իր բուն առաքելությանը։ Բայց Դոյդոյանը չնկատեց աստվածային այս ժեստը եւ 2013 թվականին միանգամից 3 նախարարության ու ՀՀ կառավարությանը տվեց «բանալիներ»։ Նաեւ՝ panorama.am կայքին։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» նախընտրեց մամուլին աջակցելու փոխարեն իշխանական տարբեր դեմքերի հետ շփումներ ունենալ, եւ նրա արարողությանն սկսեցին ավելի ու ավելի շատ պաշտոնյաներ մասնակցել․ օֆշորային սկանդալի հերոս վարչապետ Տիգրան Սարգսյան, նրա կառավարության անդամ, այժմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, ով ճոխ խոսք ասաց ի նպաստ խոսքի ազատության։ 2014-ին էլ «ոսկե բանալիներ» ստացան պետական «գդակի» տակ ապրող լրատվամիջոցները՝ Հանրային ռադիոն, «02»-ը։ Իսկ այս տարի արդեն 9 «ոսկե բանալի» հանձնեց Դոյդոյանը եւ մեկ «ժանգոտ կողպեք»՝ Արմավիրի խեղճուկրակ քաղաքապետարանին։ Դե, հո չի՞ կարող վերացնել «ժանգոտ կողպեքը» եւ թողնել միայն «ոսկե բանալին»։ Մեկը պիտի ստանա՞, թե չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս