Րաֆֆի Հովհաննիսյանի այցից հետո Վանաձորում քաղաքական մթնոլորտը լարված է: Թեեւ Րաֆֆու գալուց առաջ ավելի շատ էին նրա համախոհները, բայց այդ օրը ավելի քիչ մարդ կար: Իսկ դրա պատճառները բազմաթիվ են: Նախ նշենք, որ տեղական լրատվամիջոցները չէին հայտնել թեկնածուի այցի մասին, ժողովուրդը բառացիորեն ձայն ձայնի տալով էր իմացել: Իսկ ֆեյսբուքյան երիտասարդության վրա ազդեցություն էին ունեցել ապատեղեկատվությունը եւ Րաֆֆու հասցեին հնչող մեղադրանքները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բարեւ, Րաֆֆի… Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների, ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր: Հույս ունեի, դրա առիթը այլեւս չեմ ունենա: Արիուտես, ես լավատես էի: Այսօր Րաֆֆիի նյարդերը տեղի տվեցին, նա ինձ ակնարկեց «ֆեյսբուքյան», «փոքր մարդու փոքր գրածներ» բառերով: Հակասում եք Ձեզ, Րաֆֆի: Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ` այլակարծության նկատմամբ: Հետո հակասում եք, երբ «փոքր» անվանելով ինձ, կարծիքներս, պատվի եք արժանացնում, խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին: Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում: Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ Նախագահի մոտ առաջարկում էիք «կրկնակի» քվեարկություն: Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ ՀՀ Նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային ժողովը: Ինձ մնում է բարեւել Ձեզ: Բարեւ, Րաֆֆի»:
Վանաձորի ՀԱԿ գրասենյակի համակարգող Աշոտ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս ամբողջ հանրապետական ուժի կիրառման պայմաններում Վանաձորի հանրահավաքը սպասելիից ավելին էր: Ինչ վերաբերվում է Աշոտյանին, ապա թող նա այնքան բարոյական նկարագիր ունենա, որ հայելու առաջ կարողանա ուղիղ նայել իր աչքերի մեջ եւ հետո նոր թող իրավիճակները գնահատի: Աշոտյանի կարծիքը կարելի է հաշվի առնել ամենավերջին դեպքում: Եվ Աշոտյանը, եթե ուժ ունենա իր անձից դուրս նայել այդ բոլոր իրադրություններին, իրավիճակին, պիտի որ հենց այդ խոսքերի համար Րաֆֆիին բարձր գնահատի, որովհետեւ երբեմն Րաֆֆին նույնպես կարող է ճշմարիտ գնահատականներ տալ»:
«Ա. Աշոտյանի հայտարարությունն ազդել է հանրահավաքի վրա թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց կարող եմ հայտնել, որ Դարպաս գյուղի ավտոբուսն այդ օրը չէր աշխատում, եւ բնակիչներն Արցախ պուրակ հասան հանրահավաքի վերջում, մի մասը՝ ոտքով: Միայն բազմաթիվ զանգերից հետո տրանսպորտն սկսեց աշխատել: Հավաքի ժամանակ հնչեցին ամբոխը ցրելու հայտարարություններ ոստիկանության կողմից: Իսկ այն, թե Վանաձորի հանրահավաքն արտոնված չէր, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ քաղաքապետարանին նամակ էինք ուղարկել հավաքն արտոնելու մասին, եւ պատասխանը բացասական չէր»,-նշեց «Ժառանգության» Վանաձորի գրասենյակի ակտիվիստ Արթուր Էմինյանը:
Վանաձոր