Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի ագրեսիային, քաղաքագետ Լևոն Շիրինյանը հորդորեց փոխել այն մտածելակերպը, թե Ալիևը փողի համար կռվի չի գնա:
«Եթե այդպես լինի, Հիտլերին փո՞ղն էր պակաս: Ալիևը չի ափսոսում փողը: Նա հենց պատերազմի համար է կուտակում իր փողերը»,-նշեց նա:
Քաղաքագետի կարծիքով ` քաղաքական ղեկավարությունը պետք է վերանայի իր գործունեությունն` Արցախը ևս ներառելով բանակցային գործընթացում:
«Արցախի շահերը ներկայացնողը Հայաստանը չէ: Արցախը ևս պետք է ներառվի բանակցային գործընթացում: Մենք պետք է Արևելյան Հայաստանը անվանենք հայության ռազմաճակատ: Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցնենք»,-հավելեց նա:
Վերջինս հորդորեց ուշադիր լինել նաև Ռուսաստանի քայլերին. «Անկում ապրող Ռուսաստանը նորից ծավալվում է: Սիրիա նա չի մտել ոչ եզդիների ցեղասպանությունը կանխելու համար, ոչ քրդերի հարցը լուծելու համար: Նա հստակ քաղաքականություն է վարում: Ուժը կուտակել է և բազավորվում է Սիրիայում: Սա նշանակում է Ռուսաստանը բացառապես գործում է իր սեփական շահերի համար»,-ընդգծեց նա: