Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների շրջանակներում տաքսիների դեղին համարանիշերը կփոխարինվեն ինքնակպչուն ներդիրներով, կպարզեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը, այս մասին տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ փոփոխությունը կկատարվում՝ հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ինչպես նաև ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկությունները։
Նաև նշվում է, որ մշակված կանոնակարգային նոր մոտեցումները ուղղված բացառապես վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:
Մարտի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարված փոփոխությունները ներկայացրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի “Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն” -ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրել է, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով:
“Դեղին համարանիշերն առաջին հերթին կատարում էին վերահսկողական գործառույթ, այս դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի ինքնակպչուն ներդիրներ, որոնք թույլ կտան հասկանալ, որ տվյալ տաքսիները գործում են օրենսդրական դաշտում”,- նշել է Ա. Ավետիսյանը:
Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար այլևս չեն վճարի 17 000 դրամ:
“Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան՝ Ա. Ավետիսյանը տեղեկացրել է, որ ժապավենները կտրամադրվեն անվճար։
Հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կրում էր ձևական բնույթ: Ներկայացված նախագծով ֆիզիկական անձանց ևս հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ, որի արդյունքում նրանք հարկային մարմիններ հաշվետվություններ չեն ներկայացնի:
Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների իրականացման դեպքում առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը: Գոյություն ունի վճարման երեք տարբերակ. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման համար Երևան քաղաքում ամսական՝ 12 հազար, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար և տարեկան՝ 120 հազար դրամ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ սկզբունքով պետք է ստուգաչափվեն հաշվիչները, Ա. Ավետիսյանը պատասխանել է, որ տաքսիների հաշվիչները տարին մեկ անգամ պարտադիր պետք է ենթարկվեն ստուգաչափման, իսկ ուղևորը պետք է հստակ իմանա, թե մատուցված ծառայության դիմաց ինչքան գումար է վճարելու:
Ասուլիսին ներկա Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը ևս կարևորել է դեղին պետհամարանիշերի փոփոխությունը՝ նշելով, որ նախկինում քաղաքացիները լուրջ խնդիրներ էին ունենում ոչ միայն ֆինանսական, այլև բյուրոկրատական տեսանկյունից:
“Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի” ղեկավար Արմեն Եղիազարյանը հավելել է, որ փոփոխությունների արդյունքում վարորդները խնայողություններ կանեն:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե անհատ տաքսիստները մտահոգություն ունեն, որ այս քայլերով փորձ է արվում իրենց “խոշորացնել”՝ տանել դեպի խոշոր տաքսապարկեր, Ա.Ավետիսյանը նշել է, որ նման բան գոյություն չունի:
“Բոլոր փոփոխություններն ուղղված են տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, գործունեության պայմանների բարելավմանը և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը”,-ընդգծել է Ա.Ավետիսյանը։