Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո ԱՄՆ համանախագահ ը, ով ի դեպ, համանախագահներից ամենաակտիվն է, երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը.«Մենք դեռ չգիտենք, թե որ օրն է կայանալու հանդիպումը, սակայն ցանկանում ենք քննարկել նախագահների հետ հանդիպման օրը: Դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա այդ հանրաքվեից հետո՝ մինչեւ տարվա վերջ»,-ասել է Ուորլիքը:
Նկատենք, որ այս ամռանը տարածաշրջան ժամանած միջնորդները դարձյալ հայտարարեցին, թե Ալիեւն ու Սարգսյանը տվել են իրենց համաձայնությունը, սակայն դրանից հետո ոչ միայն այդ հանդիպումը չկայացավ, այլեւ սահմանային իրավիճակի լարվածությունը շեշտակիորեն աճեց: Երեկվա ասուլիսում, սակայն, Ուորլիքն արդեն խոսել է ընդամենը օրը ճշգրտելու անհրաժեշտության մասին` այդպիսով, ըստ էության, հանդիպման կայացման շուրջ համաձայնությունը վերջնականապես ձեռք բերված համարելով:
Ինքնին նոր հանդիպման հեռանկարը միայն դրական կարելի է գնահատել, թեեւ Կազանի գագաթնաժողովից հետո անցած 4 տարիները ցույց են տվել, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպումներն անպտուղ են եւ ընդամենը բանակցային գործընթացը ինչ-որ ձեւով կենդանի պահելու գործառույթ ունեն:
Ամեն դեպքում` անգամ ամենավատ բանակցային գործընթացը գերադասելի է պատերազմական գործողություններից, ինչի հավանականությունը Ուորլիքը երեկ բացառել է` նշելով.«Կողմերից որեւէ մեկը չի ցանկանում, որ լարվածության աճ տեղի ունենա, կամ հակամարտությունը ընդլայնվի»: Սա ուշագրավ հայտարարություն է` ադրբեջանական օրեցօր աճող պատերազմական հռետորաբանության ֆոնին:
Ինչ վերաբերում է Ուորլիքի այն ամրագրմանը, թե երկկողմ հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո, ապա դա թեեւ Ս. Սարգսյանի համար զուտ ներքաղաքական խնդիրների տեսանկյունից հասկանալի է, սակայն բանակցային գործընթացի արդյունավետության առումով` ոչ: Նախ` ի վերջո կա ռիսկը հանրաքվեի ձախողման կամ հետընտրական սրացումների, ինչը կարող է զգալիորեն թուլացնել Սարգսյանի դիրքերը, բացի այդ` ինչպես այդ առիթով նկատել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` եթե, այդուամենայնիվ, ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա Ալիեւ-Սարգսյան հանդիպման իմաստն ադրբեջանական կողմի համար կարող է էապես արժեզրկվել, քանի որ «այդ պարագայում առնվազն 3-4 տարվա հեռանկարում անհասկանալի է լինելու, թե մեր երկրում ով եւ ինչի համար է իրապես պատասխանատու«:
Ինչեւէ: Միջնորդներն այսօր այցելելու են Ստեփանակերտ, ապա Բաքու, ինչը ցույց է տալիս, որ հանդիպման հարցում վերջին խոսքն, այնուամենայնիվ, Ալիեւինն է: