Արդեն մի քանի օր է միջազգային լրահոսի թիվ մեկ թեման Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին ռուսական «ՍՈՒ-24Մ» ռմբակոծիչի խոցման լուրն էր եւ դրա հնարավոր հետեւանքները:
Ի սկզբանե թուրքական կայքերը հաղորդեցին, որ ինքնաթիռը կործանել են Թուրքիայի «F-16» կործանիչներն այն պատճառաբանությամբ, թե իբր ռուսական ռմբակոծիչը խախտել է իրենց երկրի օդային սահմանը եւ նախազգուշացումներին չի պատասխանել: Այդ լուրերի տարածվելուց կարճ ժամանակ անց ռուսական կողմը հաստատեց իր ռմբակոծիչի խոցված լինելու հանգամանքը, սակայն, մեղավորների հարցում պաշտոնական Մոսկվան չէր շտապում պաշտոնական տեսակետ հայտնել:
Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն անձամբ ստանձնեց ռուսական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, ռուսական կողմը այլեւս պարտադրված էր ընդունել իրողությունը: Դրանից մի քանի ժամ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անդրադարձավ ինքնաթիռի կործանման միջադեպին՝ այն որակելով որպես թիկունքից հասցված հարված ահաբեկիչների աջակիցների կողմից: Ըստ Վլադիմիր Պուտինի՝ այս միջադեպը լրջագույն հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար:
Մինչ ռուս եւ արեւմտյան վերլուծաբանները փորձում էին կանխատեսել, թե Ռուսաստանն ինչպես կպատասխանի Թուրքիային, երեկոյան արդեն լուր ստացվեց, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում, որտեղ խոցվել էր ռուսական ռմբակոծիչը, խոցվել է նաեւ ռուսական ուղղաթիռ: Վերջինս այդ տարածքում մասնակցել է ռուս օդաչուների որոնողական աշխատանքներին: Ըստ վերը նշված լուրերի՝ ուղղաթիռի օդաչուներին հաջողվել է վթարային վայրէջք կատարել: Իհարկե, հաշվի առնելով, որ ռուսական կողմը երեկ այդպես էլ դեռ չէր հաստատել ուղղաթիռի խոցվելու լուրը, տեսականորեն բացառված չէ, որ այն հերքվի, բայց նման հնարավորությունն այդքան էլ իրատեսական չէ:
Ինչպես կպատասխանի Ռուսաստանը, ցույց կտա ժամանակը: Ռուս վերլուծաբանները արդեն հնարավոր զարգացումների երկու սցենար էին կանխատեսում՝ տնտեսական եւ ռազմական: Առաջին տարբերակով Ռուսաստանը Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում ինչ-ինչ սահմանափակումներ կարող է կիրառել: Վերլուծաբանների մի մասն էլ չի բացառում, որ Ռուսաստանը Սիրիայի Լաթաքիայի նահանգում կսկսի խոցել թուրքական ռազմական ինքնաթիռներին, որոնք հաճախակի են թռչում այդ տարածքում: Թուրքիայի հետ սահմանակից Լաթաքիա նահանգը վերահսկում է հիմնականում Թուրքիայի հովանավորությունը վայելող զինյալների կողմից: Հենց նրանց միջոցով էլ Թուրքիան հարյուրավոր միլիոն դոլարների էժան նավթ է գնում «Իսլամական պետություն» կազմակերպությունից: Նաեւ այս փաստի շնորհիվ է, որ Ռուսաստանը Թուրքիային համարում է ահաբեկիչների աջակից:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ մերձավոր արեւելքում ընթացող վերջին զարգացումները Հայաստանի համար միայն պոտենցիալ վտանգներ են պարունակում: Սակայն իրականում այդպես չէ: Ցանկացած լուր, որը երկրի համար պոտենցիալ վտանգ է պարունակում, իր տարածման առաջին իսկ րոպեներից սկսում է ազդել տնտեսության վրա: Մասնավորապես, նման լուրերը պոտենցիալ ներդրողների ստիպում են սպասել մինչեւ իրավիճակը կհստակեցվի:
Այլ կերպ ասած՝ գործարարները սկսում են զգուշանալ նոր գործարքներ կնքելուց, ինչը տնտեսության մեջ շղթայական բացասական հետեւանքների է հանգեցնում:
Պետության եւ պետական կառավարման հետ կապ չունեցող իշխանությունները նման իրավիճակում ձայնները կտրած սպասում են հանգուցալուծմանը: Եթե մի քանի ամիս անց ամեն ինչ «բարեհաջող» ավարտվում է, ապա այդ վայ իշխանությունները սկսում են հաշվել տնտեսական վնասները՝ ողջ մեղքը բարդելով արտաքին աշխարհի եւ ճակատագրի վրա: Իսկ քիչ թե շատ պետության հոգսերով ապրող իշխանությունը նման իրավիճակներում ուղղակի պարտավոր է տարբեր միջոցներով հանրությանը հանգստացնող ազդակներ ուղարկել՝ երկրում բնականոն իրավիճակը պահպանելու համար: Նման պայմաններում, երբ քո հիմնական դաշնակիցը առճակատման մեջ է, քո, մեղմ ասած, անբարյացակամ անմիջական հարեւանի հետ, որն իր հերթին թշնամուդ հիմնական դաշնակիցն է, առավել քան կարեւոր է, որ երկրիդ տնտեսությունը շարունակի բնականոն հունով գործել: Քանի որ դաշնակցի եւ հարեւանի առճակատման հետագա խորացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Կարծում ենք՝ ակնհայտ է, թե Հայաստանի ներկա իշխանությունները վերը բերված երկու տեսակներից որին են պատկանում: Երեկ ողջ օրը հայկական լրահոսում հնարավոր չէր գտնել գեթ մեկ լուրջ կիսապաշտոնական տեղեկություն կամ վերլուծություն, որը ինչ-որ կերպ կնպաստեր հայ գործարարների մոտ ապահովության զգացողություն ունենալուն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ