Վարդգես Գասպարին դիտորդություն է արել, տեղամասում աղմկել, հայհոյել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին կրկին բերման է ենթարկվել: Այս անգամ, սակայն, ոչ թե փողոցում՝ պառկած վիճակից, այլ՝ տնից՝ կիսապառկած վիճակից:

Ոստիկանության լրատվական ծառայությունից  ArmLur.am-ին հայտնեցին, որ քաղաքացիական ակտիվիստին բերման ենթարկելու խնդրով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը: Ոստիկանները Գասպարիին տեղափոխել են դատարան:

ArmLur.am-ին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Դեկտեմբերի 6-ին թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար ամղկել է, հայհոյել և իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով։

Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Բերման ենթարկելու տեսանյութը՝ Ա1+-ի:




Լրահոս