Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «բարիով» արված հորդորներին Սերժ Սարգսյանը լուրջ չի վերաբերվում. մնում է պարտադրանքի լեզուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տալիս` ինքնակամ հեռանալու համար: Իհարկե, նա չպարզաբանեց, թե այդ ժամկետի լրանալուց հետո, եթե Սերժ Սարգսյանը չլսի իր հորդորը եւ ինքնակամ չհեռանա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտադիր անել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին՝ պարզելու համար՝ արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը:

Վլադիմիր Հակոբյանի համար հարցը անակնկալ էր այնքանով, որ նա այն ավելի շուտ որպես կատակ ընկալեց, բայց, այնուամենայնիվ, բավականին լուրջ պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների հետ կապված դիմել «Ժառանգության» մամլո խոսնակին»: Մի խոսքով, Հայաստանը փրկելուն ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի այս ջանքն էլ արդյունք չտվեց, փաստորեն Սերժ Սարգսյանը չի ցանկանում ինքնակամ հեռանալ: Մնում է խոսել պարտադրանքի լեզվով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս