Փետրվարի 18-ին «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցած դատական նիստում ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը որոշեց մերժել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: Նշենք, որ այս անգամ «Արթիկ» ՔԿՀ-ն բավական պատրաստված էր ներկայացել դատական նիստին: Երեք տեսախցիկով ու մի քանի ֆոտոապարատներով «զինված» քրեակատարողականի աշխատակիցները ֆիքսում էին ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ով է եկել դատական նիստին, վերջացրած ընթացքում հնչող տարբեր ռեպլիկներով: Համազգեստավորները եւս շատ էին: 22 հոգի դատական նիստերի դահլիճում էին, նույնքանն էլ դրսում հետեւում էին անցուդարձին: Նիստի սկզբում նախ խոսեց Ն. Փաշինյանը, ով հայտարարեց, որ իր փաստաբանները նոր հայց են նախապատրաստելու` այս անգամ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության դեմ. «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության Հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրեին հերթական հայտարարությունն է տարածել իմ անձի վերաբերյալ, որում պնդել է, թե ես՝ Նիկոլ Փաշինյանս, իմ նամակները դիտմամբ չեմ հանձնում «Արթիկ» ՔԿՀ-ին, որ պատրանք ստեղծվի, թե իմ անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում: Ես հրապարակավ դիմում եմ իմ փաստաբաններին, որպեսզի Քրեակատարողական վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարությունը իրավական վերլուծության ենթարկվի, եւ դրա հեղինակի կամ հեղինակների նկատմամբ դատական հայց հարուցվի»:Այնուհետեւ պաշտպանական ճառով հանդես եկավ Փաշինյանի փաստաբանը, որը հայտարարեց, թե սխալ հաշվարկի արդյունքում Փաշինյանը 5 ամիս ավել է մնալու կալանավայրում, ինչի պատճառներն, ըստ նրա, քաղաքական են: Նիկոլ Փաշինյանը եւս իր հիմնավորումները ներկայացնելու հնարավորություն ստացավ` միաժամանակ հայտարարելով, որ ինքը չի հավատում Հայաստանի արդարադատությանը եւ չի ակնկալում, որ Եվա Դարբինյանը ճիշտ որոշում կընդունի: Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը հրապարակեց վճիռն` ըստ որի անփոփոխ թողնվեց ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի պատժաչափը մնաց անփոփոխ:«Մենք ունենք համապատասխան վճռականություն` լինել անսասան էնքան, մինչեւ մեր երեխաներին կարողանանք փոխանցել այնպիսի հայրենիք, որտեղ իրենք հավասարապես պաշտպանված կլինեն օրենքով եւ պատասխանատու կլինեն օրենքի առաջ»,- հայտարարեց Փաշինյանը: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ՆԻԿՈԼԻ ՎՃԻՌՆ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂՆՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ