Հայաստանը վերածվում է ռուս-թուրքական հակամարտության կողմերից մեկի ֆորպոստի և ստիպված կլինի հարկ եղած պահին մտնել կոնֆլիկտի մեջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո: Ու թեեւ այս փաստաթղթի նախապատրաստման հանձնարարությունը Պուտինը տվել էր դեռ երկու ամիս առաջ, երեկվա ստորագրությունը բավականին ուշագրավ էր, նախ` դրան նախորդած ՀԱՊԿ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ունեցած կոշտ ելույթի առումով, քանի որ, ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են գերազանցապես Ռուսաստանի կողմից, ուստի դժգոհությունը ՀԱՊԿ-ից, այսպես թե այնպես, նշանակում է նաեւ դժգոհություն Ռուսաստանից: Եվ ահա այս առումով բավականին տարակուսելի է, որ Սերժ Սարգսյանն այսօր կշտամբում է ՀԱՊԿ անդամներին, իսկ վաղը կարեւորագույն համաձայնագիր ստորագրում այդ անդամներից մեկի հետ:

Մյուս գործոնը, որը ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին այս համաձայնագրի ստորագրումը հատկապես կարեւոր է դարձնում, ներկայումս գերսրված ռուս-թուրքական հարաբերություններն են, որոնք, արդեն իսկ տեսանելի է, որ առաջիկայում շարունակելու են էլ ավելի լարվել: Եվ, ահա, այս համատեքստում դժվար է ասել, թե համատեղ հակաօդային պաշտպանությունը, կամ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի` նոր զինատեսակներով համալրումը որքանով պետք է մեզ համար ողջունելի լինի:

Անշուշտ, մեր ոխերիմ հարեւանների կողքին, այն էլ ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանն արդեն մեր դիրքերը տանկերով եւ հաուբիցներով է /ի դեպ, ռուսական արտադրության/ արկակոծում, իսկ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն էլ հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անելու են` Լեռնային Ղարաբաղի եւ նրա հարակից շրջանների` թուրքերի համար «սուրբ հողերը» վերադարձնելու համար, հայկական զինուժի, եւ նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի համալրումը կարող է լրացուցիչ ապահովության եւ անվտանգության երաշխիք լինել:
Մյուս կողմից, սակայն, այլեւս ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի բախումը գլոբալ է, եւ տեսանելի առաջիկայում այս իրավիճակը դեպի լիցքաթափման չի գնալու: Ուստի ստացվում է, որ Հայաստանը հետզհետե էլ ավելի մեծացնելով ռուսական զինուժի ներկայությունը իր տարածքում` վերածվում է թուրք-ռուսական հակամարտության կողմերից մեկի ֆորպոստի, որը Ռուսաստանի հրահանգով անհրաժեշտ պահին ստիպված կլինի արդեն անմիջականորեն ներգրավվել կոնֆլիկտի մեջ:

Հ. Գ. Թերեւս պատահական չէր, որ մինչ Ս. Սարգսյանը Մոսկվայում բոցաշունչ ելույթ էր ունենում, Հայաստանում ընթանում էր ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների խորհրդատվություն` Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման վարչության պետի մակարդակով:




Լրահոս