Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ավարտվեց Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի “Միստրեստ” հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ա. Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով (Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը): Նրան այդ հոդվածով սպառնում էր 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (“Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում”), նրա դատվածությունը մարված չէր:
Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան: Սույն դատավարությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով: Մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել 8 տարի եւ 9 ամիս ազատազրկման: Այս ժամկետից 3 ամիսը Ա. Մաճկալյանի կողմից նախկինում կատարված հանցագործության պատժի չկրած մասն է: Քրեական գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանը պահանջել էր Անուշավան Մաճկալյանին դատապարտել 10 տարի եւ 3 ամիս ազատազրկման: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Aravot .am