Ժամեր առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիրները բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ` նրան հասարակական պարսավանքի ենթարկելու նպատակով:
«Նոր Հայաստան» ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանից տեղեկանում ենք, որ տան մոտ ակցիա կատարող քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին:
«Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել Գեղամ Խաչատրյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և նրա գույքին վնաս հասցնելու մեղադրանքով: Բերման ենթարկվածներին կարող են ենթարկել քրեական պատասխանատվության:
Բերման ենթարկվածներն են. Գրիգոր Եղնուկյանը, Հակոբ Եղնուկյանը, անչափահաս, 17 տարեկան, Արմո Սաֆարյանը, Արմո Սաֆարյանի կինը՝ Լուսինե Մինասյանը,
Մի քաղաքացի (իգական սեռի), ով իր անունը չի հայտնել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, որի ժամանակ էլ ձերբակալվել էր Գևորգ Սաֆարյանը: