Մայիսի 18-ին Հայաստանում հերթական անգամ անցկացվելու է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որին, ի դեպ, առաջին անգամ մասնակցելու են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները:
«Ժողովուրդ»-ը դիմեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանին` տեղեկանալու, թե ինչ միջոցառումներ են նախանշված այդ օրը: Մեր ընտրությունը պատահական չէր, քանի որ շուտով տուն-թանգարանում կսկսվեն վերանորոգման աշխատանքներ:
«Թանգարանն այցելուների համար բաց է ժամը 11-ից մինչեւ գիշերվա ժամը 12-ը, եւ մուտքը, բնական է, անվճար է: Իսկ արդեն ժամը 18-ից սկսվելու են միջոցառումները: Առաջինը լինելու է Մոսկվայի նկարիչների «Խոլստ» միավորման ցուցահանդեսը` մոտ 30 ստեղծագործություն: Դրանք այն նկարիչների գործերն են, որոնք այս տարի փետրվարին Մոսկվայում իրենց հայաստանյան շրջագայության ժամանակ ստեղծած բնանկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպեցին եւ ամբողջ հասույթը փոխանցեցին թանգարանին: Առաջին անգամ ցուցադրվելու է այդ նույն ցուցահանդես-վաճառքի բարեգործական շրջանակներում Մոսկվայում մեզ նվիրաբերած, Սարյանի վրձնին պատկանող, դերասանուհի Պաստուխովայի դիմանկարը»,-ասաց տնօրենը:
Նա նաեւ նշեց, որ կկայանա վոկալ եւ դաշնամուրային երաժշտության համերգ, որից հետո տեղի կունենա պետպատվերի շրջանակներում տպագրված «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» ալբոմի շնորհանդեսը: Քանի որ այս տարվա «Թանգարանային գիշեր»-ն ունի «Թանգարանը` ոչ ֆորմալ կրթական միջավայր» նշանաբանը, թանգարանը կներկայացնի այն բոլոր կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են դպրոցականների եւ ընդհանրապես տարբեր տարիքի մարդկանց համար: Ապա կցուցադրվի Ռոզա Ֆրանգուլյանի «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1958 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում:
«20-րոպեանոց ֆիլմ է, որտեղ ներկայացված է Սարյանի այցը ծննդավայր` Նոր Նախիջեւան, Ռոստով: Սարյանն այցելում է հայրական տուն, որի վրա փակցվեց հուշատախտակ, եւ այդ ամենը պահպանվում է մինչեւ օրս: Ու նաեւ Սարյանի` Դվին կատարած շրջագայությունն է ներկայացված, որտեղ ընթանում էին պեղումներ, եւ նա այդ շրջանում շատ հետաքրքիր նկարներ է վրձնել: Մի խոսքով, դա ֆիլմ է, որը շատ վաղուց չի ցուցադրվել ու բավական հետաքրքիր նյութ է պարունակում»,-ներկայացրեց Ռուզան Սարյանը: Այդ ֆիլմով էլ ավարտվելու են միջոցառումները: Մինչեւ հունիսի 1-ը թանգարանը բաց է բոլորի համար, իսկ դրանից հետո սկսվելու են վերանորոգման աշխատանքներ, եւ մեկ տարի թանգարանը փակ կլինի:
ՄԵԿ ՏԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՓԱԿ ԿԼԻՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ