ԲՈՒՆՏԸ ԿԱՐԵՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տասնամյակում բողոքի շարժման յուրահատուկ մշակույթ է ձեւավորվել Հայաստանի քաղաքական կյանքում: Իհարկե, զանգվածային բողոքի ակցիաները` ցույցերը, միտինգները, միշտ էլ ունեցել են կարեւոր դեր. ի վերջո, Հայաստանի անկախացման գործընթացը սկսվեց Ազատության հրապարակից: Բայց արդեն երկար տարիներ ՀՀ կառավարությունը դրանք զսպելու համար շատ դեպքերում փորձում է քաղաքացիական բողոքները փողոցից տեղափոխել կաբինետներ՝ կարծելով, թե գաղտնի գործարքների եւ ինտրիգների միջոցով բոլոր կարեւոր հարցերն արդեն լուծված են: Բարեբախտաբար, ՀՀ քաղաքացիները, գիտակցելով «պայմանավորվածությունների» արդյունքում ծնված խաղերի նրբությունները, սկսել են չվստահել որեւէ քաղաքական ուժի՝ խմբերով դուրս գալով հրապարակ՝ հիշեցնելով, որ ոչ ոք չի կարող որոշել երկրի ճակատագիրը՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ՀՀ կառավարության դեմ ամեն օր տարբեր առիթներով տեղի ունեցող բողոքի ակցիաները կբերե՞ն սոցիալական բունտի կամ հեղափոխության:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ միայն այդ բողոքները բավարար չեն հեղափոխության համար: Սակայն դրանք կարող են լուրջ խթան հանդիսանալ ընդհանուր գործընթացի համար:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ»
կուսակցության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բողոքի ակցիաները դարձել են մեր կենցաղը: Երբ հասարակությունը, անհատը ստիպված է եւ չի ամաչում սոցիալական խնդիրներ առաջ քաշել փողոցում, ապա ես դա համարում եմ մաքրագործվելու, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու, քաղաքացիանալու ճանապարհ: Կեղծ ազգայնականությունը, որով տարիներ շարունակ կերակրվել ենք մինչ այժմ, արդեն սպառել է իրեն: Այսօր ցուցարարները բողոքի ակցիաներով համայն հայության առաքելությունն են իրականացնում: Մարդիկ, ովքեր այսօր պետք է քաղաքացիական կյանքով ապրեն, ստիպված են առաջ քաշել շարքային քաղաքացու սովորական, կենցաղային, սոցիալական խնդիրներ` բողոքելով, ընդվզելով, ցույցեր կազմակերպելով: Թե որքան արագ առաջ կգնա այս գործընթացը դեպի հեղափոխություն, չեմ կարող ասել, սակայն գտնում եմ, որ սա է ամենաճիշտ, ամենաքաղաքակիրթ լուծման ճանապարհը:

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ
հասարակական, քաղաքական գործիչ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս