ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի ելույթը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում.
“Հարգարժան պարոն նախագահ,
Հարգելի արտաքին գործերի նախարար,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Հուսով եմ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ:
Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով եւ գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին:
Այսօր, կազմակերպությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա նշանակալից իրադարձություն է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն մեզ համար:
Իր նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները՝ այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց:
Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետեւողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության եւ արդյունավետության բարձրացումը:
Հարգելի ներկաներ,
Դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում, ինչպես տեսնում ենք, այս խնդիրները դեռեւս օրակարգային են: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաեւ անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական եւ քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը: Տեղին է հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը. ,Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգունե: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն եւ նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:
Կցանկանայի առանձնակի ընդգծել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարեւորությունը: Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում եւ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաեւ Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաեւ խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը:
Հարգելի գործընկերներ,
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը:
Կրկին ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք”: