Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները:
Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում հայտնաբերվել է 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում: Իսկ Արագածոտնի մարզում հայտնաբերվել է 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:
Վարչապետը մարզպետներին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:
ArmLur.am-ն արձանագրված խախտումների և վարչապետի հանձնարարականի հարցերի շուրջ զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, Ձեր մարզում արձանագրված խախտումների փաստով վարչապետը հանձնարարել է խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնել: Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: Սկսե՞լ եք արդեն գործընթացը:
-Ես դեռևս գրավոր հանձնարարականը չեմ ստացել: Բանավոր ասվել է, բայց ես պետք է գրավոր ստանամ, որպեսզի հասկանամ ողջ էությունը:
-Ի՞նչ կասեք բավականին խոշոր չափերով խախտումների մասին: Ո՞ւմ թերացման հետևանքն էր դա:
-Ես չեմ կարծում, որ խախտումներն ահռելի չափերի են:
-78 մլն 500 հազար դրամի 341 խախտումն ահռելի չե՞ք համարում:
-Պարզաբանումներում ամեն ինչ ներկայացված է…
-Վերահսկիչ պալատից տեղեկացանք, որ Դուք առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունեք…
-Մենք մեր առարկությունները լրիվ ներկայացրել ենք Վերահսկիչ պալատին:
-Ինչ-որ բաներ կան, որոնց հետ համաձայն չե՞ք:
-Վերահսկիչ պալատի արձանագրությունների որոշ մասին ես, իրոք, համաձայն չեմ: Թերություններ են եղել աշխատանքային, որոնք մեկնաբանվել են:
-Բարձրաձայնելո՞ւ եք՝ մասնավորապես որ խախտումների հետ համաձայն չեք:
-Իհարկե՛: Դրանք թերություններ են, բայց դա չի նշանակում, որ յուրացում է: Յուրացում ընդհանրապես չի եղել. դա եղել է հասցեական, մարդիկ ստացել են այդ գումարը:
-Պարո՛ն Սահակյան, խոսվում էր նաև գումարների վերադարձման կամ փոխհատուցման մասին: Ձեր կողմից գումար վերադարձվե՞լ է:
-Որոշակի գումարներ կան, որոնք վերականգնման ենթակա են: Մի մասը վերականգնվել է՝ 4 մլն 500 հազարը, մյուսը՝ 1 մլն 900 հազարը, սահմանված ժամանակահատվածում պետք է վերականգնվի:
-Մարզպետարանում այս հարցի շուրջ քննարկում եղե՞լ է:
-Ո՛չ: Վարչապետի հետ է եղել քննարկում, դրանից հետո չի եղել:
Զրուցեց Տաթև Հարությունյանը