Կառավարության վաղվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելու է մի նախագիծ, ըստ որի` փոփոխություն է կատարվելու կառավարության ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում:
Նախագծում ներկայացված է, որ սույն նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի մոտ փետրվարի 20-ին տեղի ունեցած խորհրդակցությամբ, երբ Վերահսկիչ պալատը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սոցիալական տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների արդյունքները:
Որոշումը նախատեսում է հանձնարարել բոլոր մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին հսկողության տակ վերցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը:
Նախագծով առաջարկվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով: