Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արեւմտյան ափի երաժշտասեր հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԼԱ ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարներ: Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, որը երեկոյի նախօրյակին դասախոսությամբ հանդես էր եկել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` ներկայացնելով մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը: Գալա-համերգի հյուրերին ներկայացվեցին աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվեցին կոմպոզիտորի գործուներությունը ներկայացնող արխիվային կադրեր, այդ թվում նաեւ` Արամ Խաչատրյանի` 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը: 
Միջոցառման ընթացքում հայտարարվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը` հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում: Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաջորդ ձեռնարկը տեղի կունենա Հոլիվուդյան հայտնի կինոթատրոններից մեկի հարկի տակ՝ հայտնի Եգիպտական թատրոնում, որտեղ կցուցադրվի “Արամ Խաչատրյան” ֆիլմը: Հատկանշական է, որ “Կուն” հիմնադրամի կողմից նկարահանված փաստավավերագրական ֆիլմը երկու տարի առաջ արժանացել է “Բեւեռլի Հիլզ” կինոփառատոնի առաջին մրցանակին: 
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն 




Լրահոս