Երեվանում մեկնարկել է Ուրախ ամառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանում հուլիսի 1-ից մեկնարկել է “Ուրախ ամառ” բակային միջոցառումների և ճամբարների արշավը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի համակարգող՝ Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով ծրագիրն ընդգրկուն է և ուղղված է ամառային արձակուրդների ընթացքում երեխաների առօրյան, ազատ ժամանակը առավել բովանդակալից դարձնելուն։
“Վերջին երկու տարիներին Երևանում հարյուրավոր բակեր ու բակային տարածքներ են կառուցվել կամ հիմնանորոգվել, ինչը այսօր մեզ լավ հնարավորություն է տալիս նման միջոցառումներ կազմակերպել Երևանի մեծ ու փոքր բազմաթիվ բակերում։ “Ուրախ ամառ”-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնություններից ևս մեկն է, որ ուղղված է փոքրիկ երևանցիներին, այն էլ այսչափ մասսայական ընդգրկում ունի։ Ծրագիրը մարզական և դաստիարակչական նշանակություն ունի, ընդգրկում է սպարտակիադաներ, պետականության և ազգային մշակույթի ուսուցման թեմաներ”,- ներկայացրել է Իդա Խաչատրյանը։
Միջոցառումները առավոտյան և ցերեկային ժամերին կազմակերպվում են գրադարանների, մանկապարտեզների ու դպրոցների տարածքներում, իսկ երեկոյան՝ զով ժամերին բակերում։ Բակային միջոցառումների ու ճամբարների շարքում, հատկապես ճամբարների բացման ու ավարտի օրերին, ներառված են նաև զվարճալի ներկայացումներ՝ երեխաների սիրելի հեքիաթների ու մուլտհերոսների մասնակցությամբ։ Այս միջոցառումներին նաև ելույթ են ունենում Երևանի երաժշտության և արվեստի դպրոցների, մշակութային տների և այլ համույթների սաներ։




Լրահոս